չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
13 օրական Սյուդեն ապրելու համար պայքարը շարունակող Արցախի ապտակն է անտարբեր աշխարհին․ շրջափակված Արցախում նորածինն էլ է պայքարում իր սրտի չափ հողի համար

13 օրական Սյուդեն ապրելու համար պայքարը շարունակող Արցախի ապտակն է անտարբեր աշխարհին․ շրջափակված Արցախում նորածինն էլ է պայքարում իր սրտի չափ հողի համար

Հունվարի 11-ին շրջափակված Արցախում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Սարգսյանների ընտանիքում ծնվեց  3-րդ երեխան՝ սպասված աղջիկը՝ Սյուդեն։ Օրեր առաջ աշխարհ  եկած ու իր մեծ ու զարմացած աչուկներով աշխարհին նայող Սյուդեն մեկն է 150-ից ավելի այն  երեխաներից, որ շրջափակման օրվանից՝ դեկտեմբերի 12-ից ի վեր, ծնվել են Արցախում և մեկն է նաև այն երեխաներից, որը տարիներ հետո աշխարհին ու մարդկանց հարցնելու շատ բան կունենա։

Սյուդեն

««Սյուդե» նշանակում է ընտանեկան երջանկություն, հաջողություն։ Մենք իր անունը հենց այդ խորհրդով էլ դրել ենք»,-Zarkerak.am-ի հետ զրույցում պատմում է աղջնակի մայրիկը՝ Մելինե Գրիգորյանը, ով  էլեկտրաէներգիա ունենալու հաշված ժամերի ընթացքում հասցրել է և՛ լողացնել Սյուդեին, և՛ տաքացնել տունը, և՛ տնային գործերը անել։

Մելինեն հղիության վերջին շրջանն անցկացրել է շրջափակման  մեջ, ինքն իրեն, ամուսնուն, քույրիկին անհամբեր սպասող 7-ամյա Դանիելին ու 4-ամյա Անրիին «սիրտ տալով», որ սրտի տակ գտնվող փոքրիկն իր հետ բարի լուր է բերելու․ «Անկեղծ ասած, շատ դժվար ժամանակներ ենք ապրում,աղջիկս շատ սպասված էր, բայց երբեք մտքովս չէր անցնում, որ կարող է այս պայմաններում ծնվի, բայց եղավ այն, ինչ եղավ։ Շատ բան էինք պլանավորել, բայց հենց շրջափակման առաջին օրից էլ բոլոր պլանները խախտվեցին։ Իհարկե, լավատեսությունս չէի կորցնում,  ասում էի՝ ոչինչ, կարևորը խաղաղություն լինի, երեխաս առողջ լինի, հետոն լավ լինի, մնացածը կստացվի, պլանավորածները նորից կպլանավորենք ու կիրագործենք, բայց մինչև հիմա օր օրի վիճակն ավելի է վատանում»,-Մելինեն հուզվում է, ձայնը դողում է․ «Այս իրավիճակում ամեն մի փոքր բանից հուզվում եմ, Արցախում բոլորն են ավելի զգայուն դարձել»։

Մելինեն և Սյուդեն

Սյուդեի ծնունդին երկար սպասող մայրիկը շատ գործեր ու գնումներ թողել էր հղիության վերջին շրջանին․ չստացվեց, չհասցրեց, տանն էլ Սյուդեին  պլանավորած- երազածի պես չդիմավորեցին։ Հիմա Սյուդեն ինքն էլ պայքարում է իր բաժին անկախ հողակտորի ու խաղաղ երկնքի համար ու աշխարհի չարությունից դեռ ոչինչ չհասկացող, բայց սեփական մաշկի վրա զգացող փոքրիկն էլ մայրիկի, հայրիկի, եղբայրների հետ ամեն օր կռիվ է տալիս, ամենափոքր ու կենսական  պայմանների համար․  «Փորձում ենք ուժեղ լինել, կռիվ ենք տալիս ամեն օր լույսի, գազի համար, մի օր տաք, մի օր ցուրտ, բայց դիմանում ենք։ Ճիշտ է, հոգեպես շատ վատ վիճակում ենք, ամեն օր «փլվում ենք», բայց դիմակայում ենք, այն հույսով, որ վերջը լավ կլինի, լուսավոր կլինի, ամեն վատ բանի մեջ փորձում եմ լավը տեսնել»,- ասում է Մելինեն։  

Մելինեն  մայրական հոգատարությամբ շարունակում է․«Տղաներիցս  հեռու ենք «փլվում», այնպես ենք անում, որ մեզ ուժեղ տեսնեն, բայց ամեն դեպքում 7 տարեկան տղաս շատ բան է հասկանում, տեսնում է գազը, լույսը չկա, ցրտի մեջ  նստում, ասում է՝ «գազը՝ կա ոչ, լույսը՝ կա ոչ»։ Ասում եմ՝ ոչինչ․ կգա,կտան»,- գազը չկա, լույսը չկա, չկան  տղաների դպրոցական դասերն ու մանկապարտեզի  ընկերները․ «Սա էլ շատ մեծ խնդիր է։ Փորձում ենք տանը պարապել, բայց, մեկ է, պետք է դպրոց ու մանկապարտեզ գնան, տեսնեն ընկերներին, զբաղվեն»։   

Տանը մնալու օրերին Անրին ու Դանիելն էլ ծնողների հոգսը կիսողն են  դարձել, իրար ուժ տվող ամուսիններին մի թիկունք էլ այս փոքրիկ տղաներն են իրենց մեծական ուշադրությամբ․ «Սյուդեի հանդեպ էլ  եղբայրական հոգատարություն կա։ Հենց սենյակի դուռը բացում են, ասում են՝ դուռը շուտ փակեք, չմրսի քույրիկը»։

Անրին ու Դանիելը

Դե պարզ է, բլոկադայի 44 օրերի ընթացքում Անրին ու Դանիելը շատ են մեծացել, ու գիտեն՝ քույրիկի սենյակն անլույս, անգազ պայմաններում տաքացնելն ինչ դժվար է․ «Այս պահին ամենամեծ խնդիրը լույսն է, տունը էլեկտրաէներգիայով  չեմ կարողանում տաքացնել, անգամ որոշել եմ փայտե վառարան դնենք։ Որ գազը կար, գոնե  գազօջախի «աչքերը» միացնում, տաքանում էինք, հիմա, որ գազն էլ անջատել են՝ ավելի է բարդացել։ Ստիպված լավ ծածկում եմ, որ երեխան չմրսի»։

Իսկ հիմա Սյուդեի չմրսելը շատ կարևոր է, մանկական դեղեր Արցախում  գրեթե չկան․ «Հակաբիոտիկներ ընդհանրապես չկան, Աստված մի արասցե պետք գա, չենք կարողանա գտնել։ Սկզբում մի քանի դեղ գնել էի, հիմա տանը դեռ ունեմ։ Իհարկե, տակդիրների մեծ խնդիր էլ կա»։

Արդեն մտերմիկ զրույցի ընթացքում ասում ենք՝ լավ է գոնե Սյուդեն դեռ մանկական  կերի խնդիր չունի, գիտենք՝ դա էլ մեծ խնդիր է․ «Ճիշտն ասած, երկու բալիկների էլ կրծքով էի կերակրում, ու Սյուդեին էլ մտածում էի կրծքով կկերակրեմ, բայց չգիտեմ՝ սթրեսից էր, թե  ինչից էր, գուցե  վախերս ու մտքերս էլ գումարվեցին ու այլևս չկարողացա կերակրել, սկսեցի արդեն մանկական կեր տալ։ Այս պահին գնել եմ, բայց հենց դեղատանը ստանում են, միանգամից սպառվում է»։

«Մամաների համար այս պահին ավելի սարսափելի է, որ գիտես երեխայիդ ինչ-որ բան պետք է, բայց չես գտնում, օրինակ՝ ամենափոքր բանը՝ տակդիր՝ այ դա է սարսափելի։ Ճանապարհը փակ է, խանութները դատարկ են, մարդկանց վիճակը դժվար  է»,- Մելինեի ու մյուսների համար նույնքան դժվար էլ Արցախում առաջնային անհրաժեշտության պարենային ապրանքների գնման  կտրոնային համակարգի անցումն է, մի բան, որ թողել էին հեռավոր 90-ականներում ու այնքան աղոտ էին հիշում․ «Այդ կտրոնային համակարգին էլ չենք հարմարվում,ավելի շուտ չենք կարողանում հարմարվել»,- հերթական անգամ Մելինեն մաքրում է արցունքները՝ կրկին մեջն ուժ գտնելով․ «Էլի դիմանամ, միայն թե վերջը լուսավոր լինի, մեզ այսպես չպահեն ու վերջում ասեն՝ դուրս եք գալիս Արցախից»։

Արցախցի փոքրիկ Սյուդեն դեռ ոչինչ չի հասկանում, ու երբ մեծանա էլ այս օրերից ոչինչ չի հիշի, բայց Մելինեն այնպիսի՜ մեղավորության զգացում ունի դստեր առաջ․ «Ամեն օր հետը զրուցում եմ, ասում եմ՝ տեսնես որ մեծանաս  ի՞նչ եմ ասելու․ ի՞նչ եմ տվել քեզ այս ընթացքում՝ շրջափակման օրերի ընթացքում, հետը խոսում եմ, ինքն էլ ուշադիր նայում է ու բառերս անզոր են դառնում»։

Հ․Գ․ Արցախում այս ծանրագույն օրերին ծնող փոքրիկները հատուկ առաքելությամբ են աշխարհ գալիս՝ անկոտրում հերթական արցախցին է ծնվում․ «Այո, բայց նայում ես այս քար աշխարհին, զգում ես, որ ոչ մի բան չի փոխվում, աշխարհը կույր է, ոչ մեկը չի տեսնում, միայն մենք ենք զգում, թե ինչի միջով ենք անցնում, թե ինչպես են 120 հազար մարդու  պատանդ պահում»,- բազմազավակ մայրիկ Մելինեն արցունքոտ աչքերով էլ՝ փորձում է ապագային բաց ճակատով ու հույսով սպասել ու միևնույն է, վստահ է՝ Սյուդեն ու նոր ծնված ու դեռ ծնվող  բոլոր կյանքերը Արցախի ապտակն ու պատասխանն են անտարբեր աշխարհին։

  • Կիսվել: