ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ժայռամագլցման սիրահարների համար Երևանում այսուհետ կլինի մագլցման նոր պատ

Ժայռամագլցման սիրահարների համար Երևանում այսուհետ կլինի մագլցման նոր պատ

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսուհետ կգործի ժայռամագալցման համար նախատեսված պատ:

Ժայռապատի ստեղծման գաղափարն առաջացել է մոտ երկու տարի առաջ, սակայն կորոնավիրուսի և պատերազմի պատճառով այն ձգձգվել է մինչ օրս: Ժայռապատը ծառայելու է ոչ միայն ՀՖԿՍՊԻ-ի Սպորտային տուրիզմի և փրկարարական գործ ամբիոնի ուսանողներին, այլ նաև ժայռամագլցման սիրահարների համար:

«Ամեն տարի դիմորդների թիվը տարբեր մասնագիտություններում տարբեր են, բայց փրկարարական գործ մասնագիտության համար ամենաշատն են դիմում: Տարիների ընթացքում փրկարարներն օգտագործել են այլ վայրերում առկա հնարավորությունները, իսկ հիմա կա այդ հնարավորությունը մեր ինստիտուտում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Դավիթ Խիթարյանը: Վերջինիս խոսքով` պատի առկայությունը հնարավորություն կտա մինչ բուհական առաջնություններ անցկացնել:

«Պատի այս տեսքը վերջնական չէ, այն շարունակություն էլ կունենա և որոշ ժամանակ անց միայն վերջնական տեսքի կբերվի: Այն կծառայի թե փրկարարներին, թե մագլցման սիրահարներին»,-ասաց Սպորտային տուրիզմի և փրկարարական գործ ամբիոնի վարիչ, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը:

Մագլցման սիրահարների համար պատը բաց կլինի 10 օրից: Առանձին կուրսեր կլինեն մանկապատանեկան խմբերի համար: Այժմ կան 5 մասնագիտացված մարզիչներ:

  • Կիսվել: