ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ըմբշամարտի Մ23 ԱԱ․ Դավիթ Օվասապյանը՝ արծաթե, Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Ըմբշամարտի Մ23 ԱԱ․ Դավիթ Օվասապյանը՝ արծաթե, Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Սերբիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալներն են նվաճել․ հունահռոմեական ոճի ըմբիշ, 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանն արծաթե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 1։2 հաշվով պարտվելով իրանցի Ամին Միրզազադեին։

63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր՝ ընդամենը 54 վայրկյանում 9-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Մոլդովայի ներկայացուցիչ Կորնելիու Ռուսուի նկատմամբ։

Դավիթ Օվասապյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 2-1 հաշվով առավելության էր հասել սերբ Վլադան Զիվկովիչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը 2-0 հաշվով հաղթել էր շվեյցարացի մրցակցին, իսկ կիսաեզրափակչում տուշեով հաղթել էր Հունգարիայի ներկայացուցիչ Դարիուշ Վիտեկին (3-0):

Հրաչյա Պողոսյանը 1/8 եզրափակչում գերմանացի ըմբիշին 9-0 հաշվով հաղթելուց հետո քառորդ եզրափակչում 1-5 հաշվով զիջել էր Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեդ Ույարին: Վերջինս հասել էր եզրափակիչ, և Պողոսյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք էր ստացել։ Այստեղ արդեն Պողոսյանը 9-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Լեհաստանի ներկայացուցիչ Արսլանբեկ Սալիմովի նկատմամբ։

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, մրցագորգ դուրս եկած հայ ըմբիշներից մեդալային հույսերը պահպանում է միայն 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը։ Նա պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 11-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում Խաչատրյանը 7-6 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Անդրեյ Կուլիկի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 9-0 հաշվով պարտություն է կրել գերմանացի Իդրիս Իբաևից և կպայքարի բրոնզե մեդալի համար։

60 կգ քաշային Տիգրան Մինասյանը որակավորման փուլում գոտեմարտել է բուլղարացի Հլեբ Մակարանկայի հետ և 8-0 հաշվով հաղթանակ տարել, 1/8 եզրափակչում 8-0 հաշվով առավելության է հասել հնդիկ Վիկաս Վիկասի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 2-2 հաշվով է ավարտել Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քամալի հետ գոտեմարտն ու լքել պայքարը։

67 կգ քաշային Սամվել Աղաջանյանը որակավորման փուլում մրցել է Ուկրաինայի ներկայացուցիչ Օլեքսեյ Մասիկի հետ և 0-8 հաշվով պարտություն կրել։

82 կգ քաշային Գագիկ Հակոբյանը ևս պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, սակայն պարտություն է կրել հենց մեկնարկում․ Հակոբյանը 1-5 հաշվով զիջել է ուկրաինացի Դմիտրո Գարդուբեին։

97 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտ Եղիկյանը որակավորման փուլում գոտեմարտել է իտալացի ըմբիշի հետ և 9-1 հաշվով հաղթանակ տարել։ 1/8 եզրափակչում, սակայն, Եղիկյանը 11-2 հաշվով զիջել է Բուլղարիայի ներկայացուցչին։

  • Կիսվել: