երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վիրավոր զինվորների մասնակցությամբ կձևավորվի հենակներով ֆուտբոլի ազգային հավաքական

Վիրավոր զինվորների մասնակցությամբ կձևավորվի հենակներով ֆուտբոլի ազգային հավաքական

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել հանդիպում 2020 թվականի ռազմական գործողություններին մասնակցած եւ վիրավորում ստացած զինծառայողների հետ, որը վարել է Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը։  

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է հենակներով ֆուտբոլ սպորտաձեւի առանձնահատկությունները եւ քննարկվել տղաների ներգրավվմամբ ազգային հավաքական ձեւավորելու հնարավորությունները։

Շնորհակալություն հայտնելով վերջիններիս պատերազմի ընթացքում դրսեւորած կամքի համար՝ Խոակին Կապառոսը նշել է՝ պատերազմի օրերին դաշտում կռվող տղաներն են եղել հավաքականի մոտիվացիայի աղբյուրը, ինչի շնորհիվ էլ խաղադաշտում դրական արդյունքներ են գրանցել։

«Դուք երիտասարդ եք եւ պետք է միշտ լավատես լինեք։ Պետք է կամքի ուժ ունենալ եւ բոլորին ցույց տալ, որ կարող եք անել այն, ինչ ուզում եք։ Մեր հասարակությունը պարտք է ձեզ, եւ ձեզ պետք է տրվի բոլոր հնարավորությունները երջանիկ զգալու համար»,- նշել է Կապառոսը։

Նախարար Նարեկ Մկրտչյանն իր խոսքում կարեւորել է պատերազմի մասնակիցների առողջության վերականգնմանն ուղղված միջոցառումները, այդ թվում նաեւ սպորտով զբաղվելու հնարավորությունների ստեղծումը։

«Թե՛ պատերազմի ընթացքում եւ թե՛ պատերազմից հետո նախարարությունն անում է ամենը՝ ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած տղաներին բնականոն կյանք վերադարձնելու ուղղությամբ։ Քայլեր են ձեռնարկվում վերջիններիս բազմաֆունկցիոնալ աջակցող միջոցներով ապահովելու համար։ Այս համատեքստում կարեւորում ենք նաեւ սպորտի միջոցով առկա խնդիրները շրջանցելու հեռանկարը։ Շատ կարեւոր է վերջիններիս հնարավորություն ընձեռել նախընտրելի սպորտաձեւում ինքնադրսեւորվելու համար»,- նշել է նախարարն ու կոչ արել 2020 թ․ ռազմական գործողություններին մասնակցած, վիրավորում ստացած եւ սպորտով հետաքրքրված բոլոր տղաներին միանալ նախաձեռնությանն ու ընդգրկվել հենակներով ֆուտբոլի ձեւավորվելիք թիմում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւս, կարեւորելով սպորտի դերն, ընդգծել է՝ «ֆուտբոլը բոլորի համար է» հայտնի կարգախոսի կարեւորությունը եւ վստահություն հայտնել, որ առաջիկայում ձեւավորվելիք ֆուտբոլային թիմը հաջողություններ կարձանագրի։

Կապառոսի նախաձեռնությամբ՝ Տոկիոյում պարալիմպիկ խաղերի երկու մասնակիցներ՝ թենիսիստ Դանիել Կավերզասկին եւ լողորդ Թերեզա Պերալեսը հանդիպման ընթացքում տեսաուղերձով դիմել են տղաներին եւ սեփական օրինակով վստահեցրել՝ նպատակ ունենալու դեպքում անհնարինը դառնում է հնարավոր։

  • Կիսվել: