հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վարդան Ոսկանյանը վերընտրվեց Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ

Վարդան Ոսկանյանը վերընտրվեց Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ

Հունվարի 31-ին կայացավ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի համաժողովը։ Ամփոփեցին 2021 թվականի մարզական միջոցառումները, տեղի ունեցավ ֆեդերացիայօ նախագահի ընտրությունը և քննարկեցին մի շարք այլ հարցեր։

Համաժողովին ներկա էին Երևանի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի մարզադպրոցների և մարզական ակումբների ֆեդերացիայի անդամ պատվիրակները:

Ժողովը բացեց ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը, ով հայտնեց, որ ժողովին ներկա են ֆեդերացիայի անդամների 3/4-ից ավելի անդամներ և քվորումն ապահովված է:

Պարոն Հովհաննիսյանը նախ ամփոփ ներկայացրեց նախորդ տարում կատարված աշխանքները, Ձյուդոյի Միջազգային Ֆեդերացիայի հետ համատեղ իրականացվող «Ձյուդոն դպրոցում» ծրագիրրը, որի շահառուներին բաշխվել են ՁՄՖ-ի կողմից ստացված տատամիները, կիմոնոները, իսկ ծրագրի մասնակից մարզիչներն ապահովվում են բարձր աշխատավարձով: Ծրագրի մասնակից դպրոցականները մեծ խանդավառությամբ են մասնակցում պարապմունքներին, իսկ նրանցից շատերը որոշել են մասնակցել ձյուդոյի խմբակների մարզումներին, ինչը խոսում է ձյուդո մարզաձևի մասսայական լինելու մասին:

Հավաքականների գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը խոսեց մեծահասակների, երիտասարդների և պատանիների հավաքականների մասնակցության մասին մարզական միջոցառումներին, ընթացիկ տարում սպասվող մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների մասին:

Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահի միակ թեկնածուն Վարդան Ոսկանյանն էր, ով վերընտրվեց ձայների գերակշիռ մեծամասնությամբ:

Վարդան Ոսկանյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, խոսեց կատարվելիք աշխատանքների մասին, նշելով, որ ունենք թերացումներ, բացթողումներ և պետք է աշխատենք առաջին հերթին դրանք վերացնելու ուղղությամբ: Շատ կարևոր է մեր հանրապետությունում մարզաձևի տարածումն ու մասսայականացումը և այդ գործում մեծ աշխատանք կարող են կատարել մարզային ֆեդերացիաները, որոնք արդեն գործում են Լոռու, Կոտայքի մարզերում, շուտով կգործեն Շիրակի, Արմավիրի և Սյունիքի մարզերում: Ֆեդերացիան համագործակցում է և համագործակցելու է ձյուդոյի զարգացման գործով շահագրգիռ բոլոր կազմակերպությունների՝ մարզային ֆեդերացիաների, մարզադպրոցների և մարզական ակումբների հետ: Առաջնահերթ խնդիրներից է տեխնիկական ապահովվածությունը՝ մրցումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Անհրաժեշտ է ձեռք բերել նոր մոնիտորներ, համակարգիչներ, ռացիաներ մրցավարների համար:

Վարդան Ոսկանյանի առաջարկով գլխավոր քարտուղար վերընտրվեց Թաթուլ Հովհաննիսյանը, ով նույնպես ընտրվեց ձայների բացարձակ մեծամասնությամբ:

 

  • Կիսվել: