Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ Մոլդովայում ավարտին մոտեցող առաջնությունում երկամարտի 450 կգ արդյունքով դառնալով ոսկե մեդալակիր:
Առանձին վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է ոսկե մեդալներին: Պոկում վարժությունում Լալայանը ցույց է տվել 210 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում փոքր ոսկե մեդալին արժանացել է 240 կգ արդյունքով:
Այսպիսով Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտել է երկամարտի 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալով: Հայաստանի թիմի կազմում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն ավելի վաղ արժանացել էր նաև 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը՝ երկամարտում ցույց տալով 411 կգ արդյունք (185+226 կգ):
Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են 73 կգ քաշային Գոռ Սահակյանը (153+185 կգ), 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը (158+185 կգ) և 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը (181+215 կգ): Տղամարդկանց պայքարում երկամարտի բրոնզե մեդալները նվաճել են 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը (124+151 կգ) և 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը (173+203) կգ արդյունքով:
Այսօր ավելի վաղ ԵԱ-ում իրենց ելույթներն ավարտել են նաև կանանց հավաքականի ներկայացուցիչները:
Գերծանր քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Մերի Թումասյանը երկամարտի 214 կգ (98+116) արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ջուլիետա Ավանեսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 80 կգ և 86 կգ կշռող ծանրաձողերը, սակայն հրում վարժությունում հրաժարվել է հետագա պայքարից մեջքի վնասվածքի պատճառով:
Կանանց հավաքականի անդամները Մոլդովայում ավարտված Եվրոպայի առաջնությունում երկամարտի 3 արծաթե մեդալ են նվաճել: Եվրոպայի փոխչեմպիոններ են հռչակվել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը (85+117 կգ), 76 կգ քաշային Աննա Ամրոյանը (100+131 կգ) և 87 կգ քաշային Լիանա Գյուրջյանը (106+140 կգ):
Հայաստանի տղամարդկանց հավաքականը ԵԱ-ում հանդես է եկել Փաշիկի Ալավերդյանի գլխավորությամբ: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է: