Վանդալիզմ, նետված աթոռներ և զայրացած երկրպագուներ. Մեսսիի այցը Հնդկաստան վերածվել է քաոսի
Արգենտինացի աստղը երկրորդ անգամ այցելել է Հնդկաստան՝ Կալկաթա, որպեսզի Ռոդրիգո Դե Պոլի և Լուիս Սուարեսի հետ շարունակի իր «GOAT Tour» շրջագայությունը։ Այս մասին գրում է Sport.es-ը, փոխանցում է armsport.am-ը:
Զանգվածային անկարգություններ մարզադաշտում

Մեսսին ուղևորվել է Սոլթ Լեյք մարզադաշտ՝ գովազդային միջոցառմանը մասնակցելու համար։ Սակայն քաղաքական գործիչների և անվտանգության աշխատակիցների խիտ օղակի պատճառով արգենտինացին կարողացել է միայն կարճ ողջունել հավաքվածներին և մասնակի պատվո շրջան կատարել, ինչից հետո անվտանգության նկատառումներով շտապ հեռացվել է դաշտից։
Սա հանգեցրել է քաոսի. երկրպագուները սկսել են աթոռներ ու շշեր նետել, կոտրել գովազդային վահանակները։
«Այստեղ հավաքված բոլոր մարդիկ սիրում են ֆուտբոլը: Մենք բոլորս ուզում էինք տեսնել Մեսսիին, բայց սա կատարյալ խաբեություն էր: Կազմակերպումը սարսափելի էր: Սա սև օր է Կալկաթայի համար: Նախարարներն այնտեղ էին իրենց երեխաների հետ, իսկ մնացած մարդիկ ոչինչ չէին կարողանում տեսնել… Մենք շատ վիրավորված ենք և պահանջում ենք մեր գումարը», — նշել է զայրացած երկրպագուներից մեկը:
Մեսսիի այցը չի արդարացրել սպասելիքները, թեպետ ծրագիրը բավականին հագեցած էր. արձանի բացում, Մայամիի նրա տան դեկորացիաներ, խորհրդանշական գահ և ցուցադրական խաղ Հայդարաբադում։
Հիշեցնենք, որ սա Մեսսիի առաջին այցը չէր Հնդկաստան. նա եղել էր երկրում 2011 թվականին Արգենտինայի հավաքականի կազմում՝ Վենեսուելայի դեմ ընկերական խաղի շրջանակում, որտեղ նրան դիմավորել էին մեծ ոգևորությամբ։


