ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վաղը մի քանի անակնկալ ենք փորձելու մատուցել մրցակցին. Բերեզովսկի

Վաղը մի քանի անակնկալ ենք փորձելու մատուցել մրցակցին. Բերեզովսկի

Վաղը Տիրանայում կկայանա Ալբանիա-Հայաստան ընկերական խաղը։ Մեր ընտրանու գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին այսօր կայացած նախախաղային մամուլի ասուլիսին ասել է հետևյալը․

«Մեր խաղին բոլոր հետևողները երևի տեսան, որ մեր խաղային պատկերը բավականաչափ փոխվել է․ մենք ավելի շատ էինք լինում գնդակով։ Մի փոքր չբավականացրեց հաղթելու համար։

Ժամանակակից ֆուտբոլում հնարավոր չէ չուսումնասիրել մրցակցին։ Դիտել ենք Ալբանիայի խաղը Իտալիայի դեմ հանդիպման վերջին մասերում և մեր խաղաոճն ենք պատրաստել։

Իտալիայի հավաքականը շատ բարձր պրեսինգով էր խաղում Ալբանիայի դեմ, կփորձենք ինչ-որ առումով կրկնել այդ խաղի պատկերը։

Բավականին շատ ֆուտբոլիստներ մասնակցեցին Կոսովոյի դեմ խաղին։ Մենք օգտագործեցինք բոլոր հնարավոր փոփոխությունները։ Վաղը մի քանի անակնկալ ենք փորձելու մատուցել մրցակցին։ Ռոտացիայի առումով դեռ վերջնական չենք որոշել։ Իսկ խաղաոճը, գուցե, փոխվի։

Ափսոս, որ Գալոյանը չկարողացավ մասնակցել նախորդ խաղին, բայց հիմա միացել է մեզ ու անպայման խաղաժամանակ կստանա։

Որպես ֆուտբոլիստ երբ խաղացել եմ Ալբանիայի դեմ, շատ ծանր խաղեր են եղել։ Ալբանիան իր սեփական դաշտում շատ ուժեղ է»։

 

  • Կիսվել: