չորեքշաբթի, օգոստոս 5
5 / 8 / 2026
Հավատում եմ, որ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա ՉԼ հիմնական փուլում. Ռոման Բերեզովսկի

Հավատում եմ, որ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա ՉԼ հիմնական փուլում. Ռոման Բերեզովսկի

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում սլովենական «Ցելյեի» նկատմամբ «Արարատ-Արմենիայի» տարած տնային հաղթանակը, գրում է armsport.am-ը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել էր հայկական թիմի հաղթանակով՝ 2:1։

«Իմ կարծիքով՝ առաջին խաղում հաղթելով «Ցելյեին», «Արարատ-Արմենիան» փոքր, բայց շատ կարևոր քայլ արեց։ Կասկած չունեմ, որ սլովենացիների հետ պատասխան խաղում շատ բարդ է լինելու։ Բայց, ըստ իս, երևանյան թիմն ի զորու է դուրս գալ որակավորման փլեյ-օֆֆ փուլ և հաղթել թե՛ «Մյելբյուին», և թե՛ «Սլովանին»։

Այնպես որ, ես հավատում եմ, որ շուտով հայկական ակումբը պատմության մեջ առաջին անգամ կհայտնվի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում «РБ Спорт»-ը։

Նշենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 11-ին՝ Սլովենիայում։

Այս արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը դուրս կգա Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլ, որտեղ կմրցի շվեդական «Մյելբյու» և սլովակյան «Սլովան» զույգի հաղթողի հետ։

  • Կիսվել: