չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Տուգանքներն այնքան շատ էին, որ անձամբ էի բարձրացնում Ռուսաստանի տնտեսությունը․ Յուրա Մովսիսյան

Տուգանքներն այնքան շատ էին, որ անձամբ էի բարձրացնում Ռուսաստանի տնտեսությունը․ Յուրա Մովսիսյան

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսական «СЭ»-ին տված հարցազրույցում խոսել է իր ներկայիս զբաղվածության, կարիերայի հիշարժան դրվագների, Հայաստանի հավաքականում անցկացրած տարիների և ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման մասին:

Ներկայիս գործունեության և գրքի մասին

«Հիմնականում զբաղվում եմ երեխաների մենթորությամբ. աշխատում եմ հարյուրավոր ընտանիքների հետ, օգնում եմ ֆուտբոլիստներին և նրանց ծնողներին կարիերայի զարգացման հարցում ճիշտ որոշումներ կայացնել։ Բացի այդ, Լոս Անջելեսում ֆուտբոլային ակումբ ենք ստեղծում։ Նաև մանկական գիրք եմ հեղինակել, որը կոչվում է «Փոշի և երազանքներ»։ Սա իմ պատմությունն է, Հայաստանում անցած իմ ուղին։ Գիրքն ավելի շատ երեխաների, հաջորդ սերնդի համար է, որպեսզի նրանք իմանան, թե ինչպես և որտեղից եմ ես եկել: Երբ երեխաները նայում են աստղերին, տեսնում են միայն վերջնարդյունքը, բայց չեն տեսնում պայքարը, տառապանքն ու դժվարությունները: Ուզում եմ սեփական օրինակով ցույց տալ, որ այն, ինչին ձգտում ես, ծննդյան օրվանից չի տրվում. դրա հետևում տարիների քրտնաջան աշխատանք է»։

Ռուսական ֆուտբոլի և մարզավիճակի մասին

«Հետևո՞ւմ եմ արդյոք ռուսական ֆուտբոլին: Այո։ Շատ եմ հավանում «Լոկոմոտիվից» Բատրակովին, իսկ «Սպարտակի» խաղացող Ումյարովն ինձ հիշեցնում է Դենիս Գլուշակովին, ով, ի դեպ, իմ սիրելի խաղընկերներից մեկն էր։

Ինչ վերաբերում է իմ մարզավիճակին և Լեգենդների խաղին մասնակցելուն, ապա սարսափելի մարզավիճակում եմ (ծիծաղում է ու ցույց տալիս փորը)։ Մարզասրահ գնալու փոխարեն Բուրգեր ուտելու եմ գնում։ Բայց խաղամակարդակիս համար չեմ անհանգստանում, կարող եմ դուրս գալ դաշտ. լեգենդները մարմնով չեն խաղում, այլ ուղեղով»։

«Կրասնոդարի», «Սպարտակի» ու մոսկովյան արկածների մասին

«Կրասնոդարում անցկացրած ժամանակաշրջանն իմ կարիերայի ամենաթեժ փուլերից էր, ես դարձա լիգայի լավագույն ռմբարկու։ Այնտեղ հայեր շատ կան, և կուբանցիների մենթալիտետն ինձ շատ հոգեհարազատ է: Ուր էլ գնայի, բոլորը հայերեն էին խոսում, նույնիսկ տաքսու վարորդները: Ես ռուսերեն խոսելու կարիք էլ չունեի, ինչը շատ հարմարավետ էր, թեև ռուսերենն էլ հենց այնտեղ եմ սովորել:

Ինչու ընտրեցի «Սպարտակը»։ Սկզբում «Դինամոյի» տարբերակն էլ կար, նույնիսկ «Զենիթից» էին զանգում։ Բայց եթե ընտրությունը «Զենիթի» ու «Սպարտակի» միջև է, ես կընտրեմ «Սպարտակը»: Դա Ռուսաստանի մեծագույն ակումբն է, և երբ նրանք են կանչում, կայացնում ես կյանքիդ ամենահեշտ որոշումը: Գումարն այստեղ արդեն դեր չէր խաղում։ «Սպարտակում» իմ անցկացրած ժամանակը կարիերայիս գագաթնակետն էր։

Մոսկվայում մեքենա վարելն իսկական արկած էր: Խցանումների խնդիր չունեի, որովհետև միշտ ավտոբուսների համար նախատեսված գծով էի վարում։ Տուգանքներն այնքան մեծ ու շատ էին, որ այդ առումով կարելի է ասել՝ անձամբ էի բարձրացնում Ռուսաստանի տնտեսությունը (ծիծաղում է)։ Ճանապարհային ոստիկանների մեծ մասը «Սպարտակի» երկրպագուներ էին ու ինձ բաց էին թողնում: Բայց մի անգամ ինձ կանգնեցրեց ԲԿՄԱ-ի երկրպագու ոստիկանը՝ մեքենայիս ապակիները մգեցնելու համար: Մեկ ուրիշն էլ «Լոկոմոտիվի» ֆանատ էր ու սպառնում էր ինձ կանգնեցնել ամեն օր, եթե գոլ խփեմ իրենց թիմին։ Այդպես էլ անում էր»։

Հայաստանի հավաքականի ու Բարաք Օբամայի մասին

«Ունենալով ամերիկյան և հայկական անձնագրեր՝ ես ընտրեցի Հայաստանի հավաքականը, որովհետև 100 տոկոսով հայ եմ։ ԱՄՆ-ում ֆուտբոլիստները շատ են, իսկ Հայաստանում՝ ոչ: Սեփական հայրենիքի համար խաղալը պատիվ է և հպարտություն: Մենք անհավանական սերունդ ունեինք, և ես երջանիկ եմ, որ ներկայացրել եմ Հայաստանը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Հայոց ցեղասպանության թեմայով շփմանը… Այո, ես ունեի այդպիսի հնարավորություն և պարտավոր էի օգտվել դրանից: Հետևանքների մասին չէի մտածում. ի՞նչ կարող էին անել, Սպիտակ տնից դուրս նետեի՞ն: Խնդիր չկա: Սպանեի՞ն. իհարկե, ոչ:

Ռուսաստանը հիանալի երկիր է՝ լավ մարդկանցով, և այնտեղ անցկացրածս տարիները լավագույնն էին իմ կարիերայում: Բայց ես ինձ ավելի հարմարավետ եմ զգում Ամերիկայում, քանի որ այստեղ եմ մեծացել, երեխաներս այստեղ են դպրոց հաճախում: Հուսով եմ, որ երեխաներիս հետ առաջիկայում կկարողանամ կրկին այցելել Ռուսաստան»:

  • Կիսվել: