ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տոկիոյում մարեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը. Խաղերն արդեն պատմություն են

Տոկիոյում մարեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը. Խաղերն արդեն պատմություն են

Տոկիոյում ավարտվեցին 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակման արարողությունն սկսեց պատվիրակությունների մուտքով, որտեղ Հայաստանի դրոշակակիրը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն էր:

Տոկիո-2020-ի փակման արարողությունը լի էր երաժշտական դադարներով և փոքրիկ ներկայացումներով: Փակման արարողություն ընթացքում պարգևատրվեցին Մարաթոնյան վազքի կանանց և տղամարդկանց մրցաշարի գաղթողները: Պարգևատրությունը կատարեցին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և այլոք: Մարաթոնյան վազքում հաղթողները Քենիայի ներկայացուցիչներն էին:

 

Հատուկ տեսանյութով ներկայացվեց խաղերի կամավորների աշխատանքը, որոնց մեծամասնությունը հենց Ճապոնիայից էին. այլ երկրներից կամավորները քիչ էին՝ պայմանավորված կորոնավիրուսի պանդեմիայով:

Փակման պաշտոնական արարողության եզրափակիչ մասում Տոկիոյի քաղաքապետը Օլիմպիական խաղերի դրոշը փոխանցեց Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյին՝ հաջորդ խաղերը հյուրընկալող քաղաքի ղեկավարին:

«Տոկիոյի Օլիմպիական խաղերը հույսի և խաղաղության խաղերն էին: Շնորհակալություն Տոկիո, շնորհակալություն Ճապոնիա: Առանձնակի շնորհակալություն կամավորներին»,- ասաց ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:

Փակման արարողությունը եզրափակվեց կրակի մարման արարողությամբ:

Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալներ, և դրանով զբաղեցրել 47-րդ տեղն ընդհանուր մեդալային հաշվարկում։

  • Կիսվել: