չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Տոկիո-2020. Հայաստանի օլիմպիական հավաքականը ավարտեց ելույթները

Տոկիո-2020. Հայաստանի օլիմպիական հավաքականը ավարտեց ելույթները

Հայաստանի մարզիկներն այսօր ավարտեցին ելույթները Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում:

Դա հայտնի դարձավ ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ մարտերից հետո, երբ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանին հաղթած Հաջիմուրադ Ռաշիդովը 2:3 հաշվով պարտվեց ճապոնացի Տակուտո Օտոգուրոյին: Այդպիսով, մեր ըմբիշը զրկվեց սփոփիչ մենամարտից և  բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունից: Մինչ այդ Հայաստանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը պարտություն էր կրել կիսաեզրափակիչ փուլում և դուրս մնացել պայքարից:

Այդպիսով, Հայաստանի օլիմպիական հավաքականը, որը բաղկացած էր 17 մարզիկ-մարզուհուց, ավարտեց ելույթները Տոկիոյի խաղերում: Մերոնք ծագող արևի երկրում նվաճեցին 4 մեդալ:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը իրենց օլիմպիական պարգևների հավաքածուին ավելացրին արծաթագույն մեդալ, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը նվաճեցին իրենց առաջին բրոնզե մեդալն օլիմպիական խաղերում:

 

Մրցանակների ընդհանուր քանակով Հայաստանն այժմ բաժանում է 40-45-րդ տեղերը, իսկ ահա ՄՕԿ-ի հաշվարկով մենք զբաղեցնում ենք 66-րդ հորիզոնականը: Հավելենք, որ մեր հարևան Վրաստանն այժմ 26-րդն է (7 մեդալ), Իրանը` 28-րդը (8), Թուրքիան` 43-րդը (7), Ադրբեջանը` 77-րդը (3):

  • Կիսվել: