հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տիգրան Պետրոսյանի թողած ժառանգությունը պետք է արժանի կերպով պահենք ու տարածենք. Հայրապետյան

Տիգրան Պետրոսյանի թողած ժառանգությունը պետք է արժանի կերպով պահենք ու տարածենք. Հայրապետյան

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարելով՝ հիշեցնելով, որ այսօր շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է:

«Նրան «Երկաթե Տիգրան» էին անվանում իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար։ Այսօր աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է: 1963 թվականին Պետրոսյանը, հաղթելով Բոտվիննիկին, նվաճում է աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ 1966-ին Սպասկու դեմ պաշտպանում այն։

Մի անգամ նա ասել է. «Շախմատում ամենաշատը գնահատում եմ տրամաբանությունը: Համոզված եմ, որ շախմատում ոչինչ պատահական չի լինում: Հավատում եմ միայն մտածված, ճիշտ խաղին»:

Տիգրան Պետրոսյանը միշտ փորձում էր քարոզել այլ շախմատ, ուզում էր ցույց տալ, որ շախմատում ամենակարևորն ու ամենագլխավորը ստեղծագործ արդյունքն է: Տիգրան Պետրոսյանի ներդրումը հայկական շախմատի պատմության մեջ անգնահատելի է:

Նա նաև շախմատային տեսաբան և վերլուծաբան էր, որի ավանդը տեսական ու պրակտիկ շախմատային խաղի մեջ անհնար է չգնահատել: Տիգրան Պետրոսյանը հայկական շախմատի պատմության լեգենդներից է, և մենք նրա թողած ժառանգությունը պետք է արժանի կերպով պահենք ու տարածենք»,- գրել է նա:

  • Կիսվել: