կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստեփան Սարգսյանի անվան մրցաշար. Հարությունյանը, Թևանյանը, Անդրեասյանն ու Ալիխանյանը կպայքարեն ոսկե մեդալների համար

Ստեփան Սարգսյանի անվան մրցաշար. Հարությունյանը, Թևանյանը, Անդրեասյանն ու Ալիխանյանը կպայքարեն ոսկե մեդալների համար

Հայաստանի հավաքականի 4 ներկայացուցիչ դուրս է եկել Երեւանում անցկացվող Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի եզրափակիչ։

Հունիսի 15-ից «Միկա» մարզադահլիճում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքանից պայքարի մեջ մտան 57, 60, 61, 70 եւ 74 կգ քաշային կարգերի 17 ներկայացուցիչները, որոնցիգ 4-ը կպայքարեն ոսկե մեդալի համար։

57 կգ քաշային կարգում տպավորիչ հաղթանակներով եզրափակիչ է դուրս եկել Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը։ Ոսկե մեդալի համար գոտեմարտում նա կմրցի վրացի Գեորգի Գեգելաշվիլիի հետ։

65 կգ քաշայինների եզրափակիչում Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը կգոտեմարտի Բուլղարիայի ներկայացուցիչ Նայիմ Միխայի հետ։

70 կգ քաշային կարգում եզրափակիչում է Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը։ Նրա մրցակիցը կլինի Ղազախստանի ներկայացուցիչ Մուրադ Ջակուբովը։

74 կգ քաշայինների եզրափակիչում ոսկե մեդալի համար կպայքարի Հրայ Ալիխանյանը։ Նա կգոտեմարտի մոլդովացի Վասիլ Դիակոնի հետ։

Եզրափակիչները տեղի կունենան հունիսի 16-ին։

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականի համար մրցաշարը ընտրական է սեպտեմբերին Սերբիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որտեղ խաղարկվելու են Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Սահմանված է մրցանակային հիմնադրամ՝ հաղթող ըմբիշը կստանա 3000 ԱՄՆ դոլար, արծաթե մեդալակիրը` 2000, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 1000 ԱՄՆ դոլար: Նույնքան կստանա նաև չեմպիոնի մարզիչը:

  • Կիսվել: