չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների արդյունքները երկու տուրից հետո

Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների արդյունքները երկու տուրից հետո

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները, որոնց շրջանակում արդեն երկու տուր է կայացել:

Տղամարդկանց մրցաշարի առաջին տուրում հաղթանակներ են տարել Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Շահինյանը, իսկ երկրորդ տուրում իր պարտիան հաղթանակով է ավարտել միայն Զավեն Անդրիասյանը՝ առավելության հասնելով Տիգրան Պետրոսյանի նկատմամբ:

Երկրորդ տուրի մյուս պարտիաներում՝ Արման Փաշիկյան-Մամիկոն Ղարիբյան, Դավիթ Շահինյան-Արման Միքայելյան, Շանթ Սարգսյան-Հայկ Մարտիրոսյան, Հովհաննես Գաբուզյան-Տիգրան Հարությունյան և Մանուել Պետրոսյան-Սամվել Տեր-Սահակյան, ոչ-ոքիներ են գրանցվել:

Կայացած երկու տուրից հետո Դավիթ Շահինյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Զավեն Անդրիասյանը մրցաշարային աղյուսակի առաջատարներն են 1,5-ական միավորով: Կանանց մրցաշարում մեկնարկային տուրում հաղթանակներ են տարել Սուսաննա Գաբոյանը և Նարե Առաքելյանը, իսկ մյուս պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:

Երկրորդ տուրում հաղթանակներ են տարել Աստղիկ Հակոբյանը, Սուսաննա Գաբոյանը, Նարե Առաքելյանը և Վերոնիկա Խաչատրյանը:

Կանանց մրցաշարում երկիշխանություն է. 2-ական միավոր ունեն Նարե Առաքելյանը և Սուսաննա Գաբոյանը: Այս տարի առաջին անգամ մրցաշարն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի շախմատի ֆեդերացիայի Youtube-յան ալիքում. այն կմեկնաբանի Եվրոպայի 2021 թվականի անհատական առաջնության չեմպիոն Էլինա Դանիելյանը:

Հիշեցնենք՝ տղամարդկանց 82-րդ առաջնությանն այս տարի մասնակցում են Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Լևոնի Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանը և Մամիկոն Ղարիբյանը: Կանանց 77-րդ առաջնության չեմպիոնի կոչման համար պայքարում են Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գևորգյանը, Աննա Խաչատրյանը, Աստղիկ Հակոբյանը, Ասյա Եդիգարյանը, Մարիամ Ավետիսյանը, Վերոնիկա Խաչատրյանը, Նարինե Գասպարյանը և Նարե Առաքելյանը:

Մրցաշարը կտևի մինչև հունվարի 23-ը:

  • Կիսվել: