հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սեւանցի ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը Գինեսի գրքի հերթական ռեկորդն է սահմանել

Սեւանցի ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը Գինեսի գրքի հերթական ռեկորդն է սահմանել

Սեւանցի եռամարտիկ, միջազգային մրցաշարերի հաղթող, Գինեսի գրքի ռեկորդակիր Վարազդատ Հակոբյանը Սեւան քաղաքի երկաթգծի կայարանում անցկացված ստուգատեսի ժամանակ հերթական ռեկորդն է սահմանել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, Վարազդատ Հակոբյանը մեկ ձեռքով տեղաշարժել է իրար կցված 4 վագոն՝ 84 տոննա ընդհանուր քաշով։ Ռեկորդի գրանցմանը ներկա են եղել Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, Գինեսի գրքի Հայաստանյան ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը, Սեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ, մարզիկներ եւ մարզասերներ։ Ռեկորդը գրանցել եւ Վարազդատին առաջինը շնորհավորել է  Գինեսի գրքի Հայաստանյան ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը։

«Գինեսի գրքի առաջին ռեկորդը Վարազդատը սահմանել է 2019 թվականի հոկտեմբերին՝ միջնամատով տեղից պոկելով ու 3 մետր 57 սանտիմետր քաշելով 23 տոննա կշռող վագոնը։Սա  նրա հերթական անհավանական  նվաճումն է։ Նրա հաղթանակները  միջազգային մրցաշարերում բավականին պատկառելի են, սակայն նա շարունակում է հիացնել ու զարմացնել մարզաշխարհի ներկայացուցիչներին, ավելի ու ավելի բարձրացնել Սեւան քաղաքի, Հայաստան աշխարհի մարզական պատիվը։ Մենք հպարտ ենք նրա սահմանած ծանրակշիռ, համաշխարհային ռեկորդներով»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

 

  • Կիսվել: