չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սամբոյի Եվրոպայի գավաթի բաց առաջնություն. հայ սամբիստների՝ այս տարվա առաջին մեդալները

Սամբոյի Եվրոպայի գավաթի բաց առաջնություն. հայ սամբիստների՝ այս տարվա առաջին մեդալները

Փետրվարի 12-ին և 13-ին Մինսկում կայացավ Սամբոյի Եվրոպայի գավաթի բաց առաջնությունը, ուր Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճեցին առաջին մեդալները:

Բելառուսի Նախագահի մրցանակների խաղարկության ավանդական մրցաշարը՝ պայմանավորված սամբո մարզաձևի օլիմպիական ճանաչում ստանալով և վարկանիշային կարգավիճակ ձեռք բերելով, 2022-ից կրում է նոր կարգավիճակ, ուր մրցամարտերն անց են կացվում նոր կանոններով, նոր քաշային կարգերով, մրցագորգի նոր չափսերով: Մասնակցում էր 11 երկրի ավելի քան 150 մարզիկ:

Այս տարի Հայաստանը ներկայացնում էր 7 սամբիստ:

Հատկանշական է, որ մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում ներկայացված էր միաժամանակ երեք հայ մարզիկ:

Մեր վաստակաշատ սամբիստներից՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանն, անշուշտ, հավակնորդներից առաջինն էր:

Տիգրանը, վիճակահանության արդյունքում բաց թողնելով առաջին գոտեմարտը, նախ հաղթեց բելառուս Իլյա Մայուռաուին, հետո՝ ղազախստանցի Նուրդաուլետ Աիմբեկովին և եզրափակչում հանդիպեց թիմակցին՝ արցախցի Դավիթ Հովսեփյանին:

Դավիթը մինչ այդ հաղթել էր ղազախ Կայիրբերդի Այդինբային, մոլդովացի Լուլիան Առապանին, ապա՝ ընկերոջն ու հայրենակցին, Կարեն Սարգսյանին:

Տիգրանի ու Դավիթի եզրափակիչ գոտեմարտը լարված էր, բայց տարիքային 10 տարվա տարբերությունն ու փորձառությունը զգացնել տվեցին. Տիգրանն արժանացավ ոսկե, Դավիթը՝ արծաթե մեդալի:

Այս քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում, Կարեն Սարգսյանը, որ հաղթել էր ռուսաստանցի Ռոման Կոզլովին, ղազախսատնցի Դաուրեն Տոլեգենովին, պարտվել Դավիթին, հաղթեց մոլդովացի Լուլիան Առապանին և արժանացավ բրոնզե մեդալի:

Մարզական սամբոյի 71 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Կառլեն Մահինյանը: Նա հաղթելով ՌԴ-ն ներկայացնող Գևորգ Գզիրյանին, բելոռուսցի Իվան Լուկաշուին, մոլդավացի Վասիլի Չիրյակովին, եզրափակչում հանդիպեց վրացի Մինդիա Լիլուասհվիլիին և պարտվելով՝ բավարարվեց արծաթե մեդալով:

Հավելենք, որ 88 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի արժանացավ Դավիթ Գրիգորյանը, իսկ մարզական սամբոյի +98 կգ քաշային Արման Մանուկյանը և մարտական սամբոյի 58 կգ քաշային Արմեն Մնացականյանը տուն կվերադառնան ձեռնունայն:

Փաստենք, 2022թ. սամբոյի Եվրոպայի գավաթի առաջնությանը մերոնք նվաճեցին 1 ոսկե, 2 արծաթ, 2 բրոնզե մեդալ, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

  • Կիսվել: