հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պեկին-2022. ՄՕԿ-ը հրաժարվել է մեկնաբանել ռուս գեղասահորդների հետ կապված դոպինգ սկանդալը

Պեկին-2022. ՄՕԿ-ը հրաժարվել է մեկնաբանել ռուս գեղասահորդների հետ կապված դոպինգ սկանդալը

Միջազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի գեղասահքի թիմի դոպինգ-թեստի հետ կապված խնդիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը հրաժարվել է պաշտոնական որևէ մեկնաբանություն տալ այն մասին, որ խնդիրը վերաբերվում է ռուս գեղասահորդ Կամիլա Վալիևայի՝ դեռևս դեկտեմբերին տրված թեստին:

Ըստ որոշ լրատվականների՝ Վալիևան օգտագործել է 2014 թվականից ի վեր արգելված տրիմետազիոնին, որը օգնում է կարգավորել սրտի աշխատանքը:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը, որը գեղասահքի թիմային հաշվարկում նվաճել է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալները, դեռևս չի ստացել մեդալները: Պարգևատրության արարողությունը պետք է կայանար փետրվարի 8-ին, սակայն այն հետաձգվել է: Խնդիրը կապված է դոպինգ-թեստի պատասխանների հետ: Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն և Հակադոպինգային կազմակերպությունը դեռևս իրավական խնդիրներ ունեն: Դոպինգ-թեստը կապվում է գեղասահորդներից մեկի թեստի պատասխանի հետ, որը նա հանձնել էր մինչ Օլիմպիական խաղերը:

Ավելի վաղ` փետրվարի 7-ին, Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային պայքարում որոշիչ եղան կանանց մենասահքի արդյունքները: Հավաքելով 178,92 միավոր՝ ռուսաստանցի Կամիլա Վալիևան գրավեց առաջին տեղը: Երկրորդը ճապոնիայից Կաորի Սակամոտոն է, երրորդը` Մադլեն Սկիզասը՝ Կանադայից: Թիմային հաշվարկում Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը հավաքեց 74 միավոր և դարձավ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Ռուսները նման հաջողության ՕԽ-ում հասել էին նաև 2014 թվականի Սոչիի Խաղերում: Երկրորդ տեղում ԱՄՆ թիմն է, բրոնզին արժանացավ Ճապոնիան:

  • Կիսվել: