հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մխիթարյանն այս պահին լավ մարզավիճակում է. «Ռոմայի» գլխավոր մարզիչ

Մխիթարյանն այս պահին լավ մարզավիճակում է. «Ռոմայի» գլխավոր մարզիչ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան «Կալյարիի» դեմ ընկերական հանդիպումից հետո (2-2) խոսել է հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, ինչպես նաև անդրադարձել հանդիպման ընթացքին:

Հայաստանի հավաքականի ավագը հռոմեական թիմի վերջին 3 ընկերական խաղում, ընդհանուր առմամբ, դարձել է նույնքան գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Մխիթարյանը շատ խելացի ֆուտբոլիստ է, նա կարող է խաղալ տարբեր դիրքերում: Մխիթարյանն այս պահին լավ մարզավիճակում է, բայց մենք ունենք այլ խաղացողներ ևս, ովքեր լավ են հանդես գալիս, զգում վստահություն, և այդ ամենը շատ կարևոր է ինձ համար:

Ինչ վերաբերում է խաղին, ապա թիմը լավ արձագանքեց իրավիճակին երկրորդ խաղակեսում, բայց ես գոհ եմ նաև առաջին խաղակեսում մեր ցուցադրած խաղից՝ նկատի ունենալով թիմի գործողությունները հարձակման գծում: Մենք այդ ժամանակ գոլ չխփեցինք, բայց գերիշխում էիք խաղադաշտում ու ստեղծում գոլային պահեր: Պաշտպանությունում սխալներ թույլ տվեցինք «Կալյարիի» ստեղծած առաջին 2 պահերի ժամանակ:

Կարծում եմ՝ թիմը բնավորություն էր ցույց տալիս առաջին խաղակեսում ևս: Սակայն ընդմիջումից հետո արձագանքն ակներև էր, ու ես տեսա դրական հանգամանքներ, որոնք մեզ կօգնեն ապագայում:

Մենք միշտ պետք է աշխատենք որակների կատարելագործման ուղղությամբ: Այս պահին դեռ ունենք շատ խաղացողներ, ովքեր բավականաչափ չեն մարզվել: Բայց ես դրական նախանշաններ եմ տեսնում: Կազմը դեռ ամբողջությամբ ձևավորված չէ: Կլինեն հեռացող խաղացողներ, կունենանք նորեկներ ևս:

 

Խոսել եմ ղեկավարների հետ, ու մենք բոլորս միասնաբար աշխատում ենք՝ փորձելու և գտնելու լավագույն տարբերակները թիմի համար»,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է «Ռոմայի» պաշտոնական կայքը:

  • Կիսվել: