ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեկնարկում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը

Մեկնարկում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թվականի մրցույթը. հաղթողները որոշվելու են նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և մարզաձևերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքների համադրմամբ: Մրցույթի կազմակերպման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որի կազմում կարող են ընդգրկվել նախարարության, «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության և այլ մարզական կազմակերպություններ: Հանձնաժողովը ձևավորվում է յուրաքանչյուր տարի՝ մինչև նոյեմբերի 20-ը:

Մրցույթի մասնակիցների առաջադրումը

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության հավաքականների մարզիկ-մարզուհիները: Մրցույթի մասնակիցների առաջադրումը որոշվում է հետևյալ ընթացակարգով.

  • Նախարարությունը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ը հրապարակում է օլիմպիական մարզաձևերից և ոչ օլիմպիական մարզաձևերից սամբո և շախմատ մարզաձևերով մարզական բարձր ցուցանիշներ արձանագրած և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սույն հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան ամենաբարձր միավորներ ունեցող 20 մարզիկների անվանացանկը (20-րդ տեղում հավասար միավորների դեպքում ընդգրկվում են հավասար միավորներ ունեցող բոլոր մարզիկները):
  • Մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ը ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաները (օլիմպիական մարզաձևեր, ոչ օլիմպիական մարզաձևերից սամբո և շախմատ) մրցութային անվանացանկում ներառելու նպատակով հանձնաժողովին են ներկայացնում մեկից երեք մարզիկի թեկնածություն, ինչպես նաև մեկ մարզիկի թեկնածություն «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգ մրցույթի համար: Մեկ հայտում երեքից ավելի թեկնածություն ներկայացնելու դեպքում մրցութային անվանացանկում ներգրավվում են առաջին երեք թեկնածուները: Մարզաձևերի ֆեդերացիաների կողմից կարող են առաջադրվել այն թեկնածուները, ովքեր ընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ (օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ուսանողական խաղերում), գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են անհատական հաջողություններ և/կամ իրենց մրցելույթներում Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել, նպաստել են Հայաստանի հանրահռչակմանը և Հայաստան-Արցախ-սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

Սահմանված կարգով առաջադրված թեկնածությունները միասին կազմում են մրցութային անվանացանկը:

Նախարարությունն անցկացնում է նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգ մրցույթը, որն իրականացվում է SMS քվեարկությամբ:

«Հանդիսատեսի համակրանք» մրցույթի անվանացանկի հրապարակման պահից սկսած՝ 15 օր ընթանալու է էլեկտրոնային SMS քվեարկությունը, որի ավարտից 2 օր հետո անց է կացվելու Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությունը՝ հավատարմագրված մարզական լրագրողների և մարզաձևերի գլխավոր մարզիչների մասնակցությամբ:

Մրցույթի անցկացման պայմանները և ժամկետները

Յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 20-30-ն ընկած ժամանակահատվածում մրցույթի վերաբերյալ հայտարարությունը և մասնակցության հայտի ձևը հրապարակվում են ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջում (www.еscs.am), տարածվում են զանգվածային լրատվական միջոցներով, տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ազգային ֆեդերացիաները (օլիմպիական մարզաձևեր, ոչ օլիմպիական մարզաձևերից՝ սամբո և շախմատ):

Հանձնաժողովը ստուգում է ներկայացված հայտերի համապատասխանությունը մրցույթի պահանջներին: Պահանջներին համապատասխանող թեկնածուների և չափորոշիչների սանդղակի համաձայն ընտրված մարզիկների անվանացանկը (ազգանունների այբբենական հերթականությամբ ու հերթական (անհատական) համարով) հանձնաժողովը հրապարակում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում:

Մարզաձևերի ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչները և նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշմամբ և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի՝ արդյունքների հրապարակմամբ բաց քվեարկություն են իրականացնում:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկության ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է մրցույթի արդյունքները: Հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկությունների առանձին-առանձին ամփոփման համար կազմվում է մարզիկների վարկանիշային (ռեյտինգային) սանդղակ: Ձայների քանակը մարզիկների վարկանիշային առաջին սանդղակում տվյալ մարզիկի միավորների քանակն է: Մարզիկի ցուցանիշը որոշվում է հետևյալ ձևով.

  • հաշվարկվում է հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքական գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում տվյալ մարզիկի ստացած ձայների քանակը՝ յուրաքանչյուր առաջին տեղի համար տասը, երկրորդ տեղի համար՝ ինը, երրորդ տեղի համար՝ ութ, և այդպես շարունակ՝ տասներորդ տեղի համար մեկ ձայն սկզբունքով,
  • առաջին 10 ամենաբարձր վարկանիշային վերջնական միավորն ունեցող մարզիկները ճանաչվում են մրցույթի հաղթողներ: Հավասար վարկանիշային վերջնական միավորների դեպքում մարզիկները հավասարապես բաժանում են այն տեղերը, որոնց հավակնում են: Հանձնաժողովը մրցույթի հաղթող մասնակիցների անվանացանկը հրապարակում է ԿԳՄՍՆ-ի կողմից կազմակերպվող հանդիսավոր արարողության ընթացքում:

Հանձնաժողովի կայացրած որոշումները պարտադիր են մրցույթին մասնակցող մարզիկների, մարզաձևերի ֆեդերացիաների, ինչպես նաև քվեարկությանը մասնակցած անձանց համար:

Մրցույթի հաղթողների պարգևատրման կարգը

Մրցույթի հաղթողները պարգևատրվում են դրամական պարգևներով: Հաղթողների պարգևատրման եղանակը յուրաքանչյուր տարի որոշվում է հանձնաժողովի կողմից՝ մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ը: Հանձնաժողովը կարող է սահմանել նաև խրախուսական հատուկ մրցանակներ՝ ընթացիկ տարում աչքի ընկած մարզիկ-մարզուհիներին, մարզիչներին, սպորտային բժիշկներին և սպորտի նվիրյալներին խրախուսելու համար:

Լրատվամիջոցների հավատարամագրման կարգը

ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկության համար կարող են հավատարմագրվել այն լրատվամիջոցները (հեռուստաընկերություն, տպագիր մամուլ, էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոց), որոնք՝

  • հայկական սպորտը լուսաբանող առնվազն շաբաթական պարբերականությամբ վերլուծական ծրագիր/հաղորդում ունեցող, լուրերի բլոկում հայկական սպորտը լուսաբանող առանձին ծրագիր ունեցող հեռուստաընկերություն են,
  • հայկական սպորտը լուսաբանող առնվազն 3000 տպաքանակով տպագիր լրատվամիջոց են,
  • հայկական սպորտը լուսաբանող էլեկտրոնային լրատվամիջոց են:

Հավատարմագրվելու համար լրատվամիջոցները պետք է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 5-ը համապատասխան դիմում ներկայացնեն ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն` հաստատված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով լրագրողի՝ ըստ անձնագրի ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության հասցեն, լրատվական գործունեություն իրականացնողի էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը:

  • Կիսվել: