Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի նորեկ Մանվել Խաչատրյանը (55 կգ) պարտվեց կիսաեզրափակիչում եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:
Երիտասարդ ըմբիշը կիսաեզրափակիչում մրցեց Մոլդովայի ներկայացուցիչ Արտյոմ Դիլյանուի հետ եւ համառ պայքարում 2:2 հաշվով զիջեց մրցակցին:
Խաչատրյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ մրցել էր Եվրոպայի գործող չեմպիոն, թուրք Ադեմ Բուրակ Ուզունի հետ եւ գերլարված պայքարում 13:5 հաշվով տպավորիչ հաղթանակի հասել:
Քիչ անց կիսաեզրափակիչի գոտեմարտ կանցկացնի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը (77 կգ): Եզրափակիչի ուղեգիրը Ամոյանը կվիճարկի մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի հետ:
Մալխաս Ամոյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում 10:1 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել Իտալիայի ներկայացուցիչ Ռիկարդո Վիտո Աբրեսցիայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 3:2 հաշվով պարտության է մատնել անկախ երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Ադլետ Տյուլուբաեւին:
Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս ներկայացուցիչները պարտվել են: Դավիթ Օվասապյանը (130 կգ) մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ 6:0 հաշվով հաղթել էր Շվեցարիայի ներկայացուցիչ Դելիան Ալիշայի նկատմամբ: 1/8 եզրափակիչում Օվասապյան 5:0 հաշվով առավելության էր հասել սերբ Բորիս Պետրուսիչի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 0:5 հաշվով պարտվել է թուրք Ռիզա Կայալպիին
Գեւորգ Թադեւոսյանն (87 կգ) առանց պայքարի անցավ 1/8 եզրափակիչ, քանի որ որակավորման փուլում նրա մրցակից, Նորվեգիայի ներկայացուցիչ Էքսաուս Մուկուբուն չներկայացավ գոտեմարտին: 1/8 եզրափակիչում Թադեւոսյանը չհաղթահարեց անկախ երկրների դրոշի ներքո հանդես եկող, բելառուս Կիրիլ Մասկեւիչի արգելքը:
2023 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը (63 կգ) մեկնարկային գոտեմարտում չհաղթահարեց շվեդ Ալեքսանդր Բիկայի արգելքը, հայտնում է sport.news.am-ը: