ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կայացել է Արցախյան վերջին պատերազմի մասնակից Աշոտ Մանուկյանի անվան հուշամրցաշարը

Կայացել է Արցախյան վերջին պատերազմի մասնակից Աշոտ Մանուկյանի անվան հուշամրցաշարը

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբում անցկացվեց «Սասունցի Դավիթ աշխարհազոր» ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանի անվան պատանեկան  ֆուտբոլի 2-րդ  հուշամրցաշարը:Հուշամրցաշարին մասնակցում  էր 6 թիմ: 3րդ  տեղի  համար  պայքարում  «Ուրարտուն» հաղթեց  «Զովունիին»,  իսկ  եզրափակիչում հուշամրցաշարի նախորդ տարվա չեմպիոն «Փյունիկը» 4:0 հաշվով առավելության հասավ «Հրազդանի» նկատմամբ՝ երկրորդ տարին անընդմեջ դառնալով չեմպիոն:

Հուշամրցաշարի անցկացման նախաձեռնությունը Արցախյան պատերազմի հերոս Աշոտ Մանուկյանի ընտանիքինն է: Լեգենդար հրամանատարի որդու՝  Արսեն Մանուկյանի խոսքով, իր հայրը շատ էր սիրում ֆուտբոլ, և հիմա իրենք ամեն ինչ անում են հայկական ֆուտբոլին օգտակար լինելու համար: «Սեպտեմբերի 21-ին հայրիկս կդառնար 63 տարեկան, բայց նա ապրել է 36 տարի: Հայաստանի անկախության և հայրիկիս ծննդյան օրը նման միջոցառում կազմակերպելը մեծ նշանակություն ունի: Մենք հույս ունենք, որ այս հուշամրցաշարը դեռ երկար տարիների կյանք կունենա ու մեր պատանի ֆուտբոլիստներին կոգեշնչի ավելիին ձգտելու հարցում»,- ասաց Արսեն Մանուկյանը:

Մրցաշարին  հրավիրված հյուրերի  թվում  էին «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստներ Էդուարդ  Մարկարովը, Սերգեյ  Բոնդարենկոն,Նորայր  Մեսրոպյանը, Սերգեյ Պողոսյանը, Խորեն  Հովհաննիսյանը, Սամվել Պետրոսյանը, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը: Հանձնվեցին նաև անհատական մրցանակներ: Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Դավիթ Ավագյանը՝ «Հրազդանից», լավագույն պաշտպանը Գոռ Գրիգորյան էր՝ «Ուրարտուից», լավագույն կիսապաշտպանը հաղթող թիմից Ահարոն Հովհաննիսյանն էր, իսկ լավագույն հարձակվողը Տիգրան Երիցյանը՝ «Զովունիից»: Խփած 3 գոլով լավագույն ռմբարկուի մրցանակը ստացավ «Փյունիկի» հարձակվող Վալերի Համբարձումյանը: Լավագույն գոլը հեղինակեց Արամայիս Սահակյանը՝ «Զովունիից», իսկ լավագույն մարզիչ ճանաչվեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Լևոն Ստեփանյանը:

  • Կիսվել: