ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կառավարությունը նախատեսում է տարկետում տալ ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանին

Կառավարությունը նախատեսում է տարկետում տալ ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունն առաջարկում է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանին տարկետում տալ պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Էդուարդ Սպերցյանը 20 տարեկան է։ Ծնվել է Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում, այժմ հանդես է գալիս Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Կրասնոդար» ակումբում։ Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի մեկնարկում Սպերցյանը հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական և իր նորամուտը նշեց մարտի 31-ին Ռումինիայի հավաքականի դեմ Երևանում կայացած խաղում, որն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 3։2 հաշվով, իսկ Սպերցյանը խփեց Հայաստանի հավաքականի առաջին գոլը։

Մինչ նորամուտը՝ 2021 թվականի մարտի 4-ին, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Էդուարդ Սպերցյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն էր շնորհվել, ուստի անհրաժեշտություն է առաջացել Սպերցյանին տարկետում տալ մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը։
Ինչպես նշված է նախագծում, Էդուարդ Սպերցյանը հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

Որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի միայն կառավարության նիստի ընթացքում հավանության արժանանալուց հետո։

  • Կիսվել: