երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կապանի քաղաքապետը մարզիկ Լևոն Աղասյանի սպորտային նպաստը 100 հազար դրամով ավելացրել է

Կապանի քաղաքապետը մարզիկ Լևոն Աղասյանի սպորտային նպաստը 100 հազար դրամով ավելացրել է

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ընդունել է Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ, կապանցի Լևոն Աղասյանին, ով վերջերս Տոկիոյում մասնակցել է 32–րդ ամառային Օլիմպիական խաղերին։

Աղասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, խոսել իր մրցելույթից, սպասելիքներից, արդյունքներից և Օլիմպիական խաղերից ստացած տպավորություններից:

Համայնքի ղեկավարը շնորհավորել է մարզիկին Օլիմպիական խաղերին մասնակցելու համար և հպարտությամբ շեշտել, որ արդեն իսկմեծ հաջողություն է երիտասարդ տարիքում Օլիպիական խաղերի ուղեգիր նվաճելը և լինել Կապանը ներկայացնող եզակի մարզիկը։

Միաժամանակ ընդգծել է, որ երիտասարդության տարիները լավագույն ժամանակահատվածն են բարձր նվաճումների հասնելու համար և պետք է այդ տարիները արդյունավետ օգտագործել։ Նա նաև հույս է հայտնել, որ Աղասյանը քրտնաջան մարզումների արդյունքում կփորձի իր ծննդավայրի պատիվը բարձր պահել միջազգային այլ հեղինակավոր մրցաշարերում։

Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ իր ուժերի ներածին չափով պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցելու նրան՝ նորանոր հաջողություններ ապահովելու հաստատակամությամբ:

Գևորգ Փարսյանի կողմից Լևոն Աղասյանը արժանացել է թանկարժեք նվերի, և վերջինիս որոշմամբ՝ համայնքի բյուջեից ամսական տրամադրվող սպորտային նպաստը՝ 100 000 ՀՀ դրամից դարձել է 200 000 ՀՀ դրամ։

  • Կիսվել: