չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ինչ է ասել Ռոնալդուն Բարսեղյանին․ Տիգրանն անկեղծացել է

Ինչ է ասել Ռոնալդուն Բարսեղյանին․ Տիգրանն անկեղծացել է

Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» հարձակվող և Հայաստանի հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը «Nemzeti Sport»-ին տված հարցազրույցում խոսել է Պորտուգալիայի և Իռլանդիայի դեմ կայացած խաղերի, ինչպես նաև Հունգարիայի ընտրանու դեմ կայանալիք հանդիպման մասին, գրում է armsport.am-ը:

«Պորտուգալիայի ընտրանու դեմ հանդիպումը շատ բարդ էր։ Մենք գիտեինք, թե ինչպիսի ֆուտբոլիստներ են խաղում մրցակցի կազմում. նրանք աշխարհի լավագույնների շարքում են, բազմաթիվ հաջողություններ ունեն թե՛ ակումբներում, թե՛ հավաքականներում, ներառյալ Ազգերի լիգայի տիտղոսը։ Պարզ էր, որ Պորտուգալիան ավելի ուժեղ է։ Հունգարիայի ընդամենը մեկ գոլով պարտությունը նրանց դեմ ցույց է տալիս, թե որքան ուժեղ է Մարկո Ռոսսիի թիմը»։

Հարցին, թե ինչ է խոսել Կրիշտիանու Ռոնալդուի հետ, Բարսեղյանը պատասխանել է.
«Ես սովորաբար չեմ խոսում նման բաների մասին, բայց «Nemzeti Sport»-ի ընթերցողների համար բացառություն կանեմ։ Երկրորդ խաղակեսի սկզբին, երբ նրանք երեք գոլի առավելություն ունեին, Ռոնալդուն ինձ հարցրեց, թե ինչու ենք այդքան խորը պաշտպանվում և չենք փորձում գոլ խփել։ Ես պատասխանեցի, որ դա այդքան հեշտ չէ։ Նա առաջարկեց՝ նախ ինքը գոլ կխփի, իսկ ես՝ պատասխան գոլը։ Ես համաձայնվեցի։ Կես րոպե անց նա խփեց գոլը և ցույց տվեց, որ հիմա իմ հերթն է։ Ես մի քանի հարված կատարեցի, բայց, ցավոք, գոլ չխփեցի»։

Ինչ վերաբերում է պորտուգալացիների վերաբերմունքին, Բարսեղյանը նշել է.

«Նրանք կոռեկտ էին, չէին արհամարհում մեզ։ Թունելում շատ ընկերական էին։ Ես ողջունեցի Ռոնալդուին, նա նույնպես կոռեկտ պատասխանեց»։

Հայաստանը 2:1 հաշվով հաղթել է Իռլանդիային։ Բարսեղյանը հաջողության գրավականը համարում է թիմի նվիրվածությունը.

«Մենք խաղացինք սրտով և մեծ ցանկությամբ։ Հանդիսատեսը մեզ մեծ աջակցություն ցույց տվեց։ Իռլանդացիները հոգնած էին Հունգարիայի դեմ խաղից և ճանապարհորդությունից։ Նրանք հիմնականում եզրային նետումներ էին կատարում, բայց մենք ամուր պաշտպանվեցինք։ Երևանում հաղթանակը մեծ տոն էր»։

Հարցին, թե ինչու ինքը չի իրացրել 11-մետրանոցը, Բարսեղյանը պատասխանել է.
«Ես հաճախ եմ խփել 11-մետրանոցներ, բայց եղել են նաև վրիպումներ։ Օրինակ, այս ամառ Չեմպիոնների լիգայում վրիպեցի, և մեր ակումբը դուրս մնաց։ Ինձ համար թիմի հաջողությունն ավելի կարևոր է, քան անձնական նվաճումները։ Նույնը վերաբերում է ավագի թևկապին. ես առաջնորդ եմ՝ անկախ դրանից»։

Հունգարիայի ընտրանու դեմ առաջիկա խաղի մասին Բարսեղյանը նշել է.

«Հունգարիան ֆավորիտ է։ Նրանք ուժեղ խաղացողներ ունեն, որոնք հանդես են գալիս Եվրոպայի լավագույն ակումբներում, և նրանց կաջակցի 60,000 երկրպագու։ Նրանք երեք անգամ անընդմեջ մասնակցել են Եվրոպայի առաջնություններին, մինչդեռ մենք դեռ երազում ենք մեծ մրցաշարերի մասին։ Խաղը ծանր կլինի, բայց մենք չենք հանձնվի։ Խաղը սկսվում է 0:0-ից, և մենք կպայքարենք մինչև վերջ»։

«Պորտուգալիան, ամենայն հավանականությամբ, կհաղթի խումբը։ Երկրորդ տեղի համար պայքարը կախված կլինի Բուդապեշտում և Դուբլինում մեր խաղերից։ Հոկտեմբերին ավելի պարզ կլինի մեր շանսերի մասին խոսելը»։

  • Կիսվել: