հինգշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2022
ՀԲՖ գլխավոր քարտուղար․ Ռեքս Կալամյանը մեծ աշխատանք է կատարում Հայաստանում բասկետբոլի զարգացման համար

ՀԲՖ գլխավոր քարտուղար․ Ռեքս Կալամյանը մեծ աշխատանք է կատարում Հայաստանում բասկետբոլի զարգացման համար

Ռեքս Կալամյանի ցանկությունը միայն ազգային հավաքականում այս հաջողությունը գրանցելը չէր: Նա նաեւ մեծ աշխատանք է կատարում Հայաստանում բասկետբոլի զարգացման համար: Մենք նաեւ ցանկանում ենք խաղալ աշխարհի եւ Եվրոպայի ընտրական փուլերում, բայց դա կախված է պետական վերաբերմունքից եւ աջակցությունից: Ռեքս Կալամյանը կշարունակի աշխատել ազգային հավաքականի հետ: Միակ մտահոգությունն այն է, որ նրա աշխատանքը NBA-ում պետք է համատեղենք եվրոպական խաղացանկի հետ:

Այս մասին մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն՝ ամփոփելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը:

Հունիսի 28-ից հուլիսի 2-ը բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը NBA մարզիչ Ռեքս Կալամյանի գլխավորությամբ 6 տարվա դադարից կրկին մասնակցեց Եվրոպայի փոքր երկրների առաջնության եւ դարձավ չեմպիոն: 

«Հայաստանի հավաքականը շատ լավ էր պատրաստվել Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Մի քանի շաբաթ Ռեքս Կալամյանի գլխավորությամբ թիմը հավաք անցավ, նաեւ միջազգային մրցաշար անցկացրինք, որը շատ նպաստեց ազգային թիմի խաղային պրակտիկային:

Մալթայում գրանցած արդյունքը տրամաբանական էր եւ սպասելի: Ռեքս Կալամյանը թիմի առջեւ խնդիր էր դրել հաղթել յուրաքանչյուր խաղում:

Շատերի մոտ տպավորութուն կա, որ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում խաղում են թույլ հավաքականներ, բայց դա այդքան էլ այդպես չէ: Անդորրայի թիմում իսպանական ակումբերի խաղացողներ կան, Մալթան խաղացողներ ունի իտալական ակումբում: Այսօր Եվրոպայում չկան թույլ երկրներ:

Ես անընդհատ լսում եմ, երբ ասում են՝ «փոքր երկրները հաղթեցինք, լավ, բա հետո ի՞նչ ենք անելու»: Ինձ թվում է, պետք է մի քիչ համեստ լինենք: Մենք դեռ շատ անելիքներ ունենք: Մենք դեռ այն երկիրը չենք, որ ասենք՝ դե Եվրոպայի փոքր երկրների առաջնությունն ինչ էր, որ... 10 տարի առաջ, եթե խոսեինք բասկետբոլից, Եվրոպայի փոքր երկրների առաջնությունից, որեւէ մեկը չէր հասկանա՝ ինչ բասկետբոլ, ինչ ազգային հավաքական: Մենք նոր-նոր կայանում ենք:

Ցանկություն կա խաղալ Եվրոպայի, աշխարհի առաջնությունների ընտրական փուլերում, բայց նաեւ պետք է ճիշտ գնահատենք մեր ուժերը: Դա միայն ֆեդերացիայից չէ կախված: Պետությունը պետք է հասկանա՝ կարո՞ղ է ունենալ  այպիսի հավաքական եւ մասնակցել Եվրոպայի, աշխարհի առաջնությանը, արդյո՞ք մեր պետությանը անհրաժեշտ է նման հավաքական ունենալ: Եթե պետական աջակցություն լինի, ապա հետագայում մեր ներուժը ներում է խաղալ ընտրական փուլերում, բայց այս պահին մեր տեղը դեռ փոքր երկրներում է: Անշուշտ, մենք ուզում ենք խաղալ:

Ռեքս Կալամյանը մեծ աշխատանք կատարեց թիմի հետ: Նա բացի գլխավոր մարզիչ լինելուց նաեւ մեծ ծավալի աշխատանք է կատարում, որպեսզի կարողանա կենտրոնացնել ԱՄՆ-ի հայերին բասկետբոլի շուրջ:

Նրա ցանկությունը միայն ազգային հավաքականում այս հաջողությունը գրանցելը չէր: Նա ի սկզբանե, նպատակ է ունեցել Հայաստանում զարգացնել մարզաձեւը: Հայաստանում շատ հաջող ստացվեց  SADA Cup-ը, որը մեծ արձագանք է ստացել: Առաջիկայում գլխավոր մարզիչի եւ ֆեդերացիայի հետ կքննարկենք աշնան եւ գարնան մեր անելիքները:

Ինչ վերաբերում է Քրիս Ջոնսին, նրա հետ պայմանագիր որպես այդպիսին չունենք կնքած: Մոտակա տարիներին նա կշարունակի խաղալ հավաքականում:

2016 թվականին Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հաղթանակի ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ վերականգնվեց Հայաստանի առաջնությունը, կանոնավոր առաջնություն ձեւավորվեց: Շատ ուրախալի էր, որ այս տարի տեղական ակումբների ներկայացուցիչները հավաքականի ուղիղ կեսն էին կազմում: Փորձը ցույց տվեց, որ առանց Հայաստանի առաջնության եւ կանոնավոր առաջնության հնարավոր չէ կայուն արդյունք ունենալ:

Ամեն ինչ մեզանից է կախված: Օրինակ՝ 3-4 տարի առաջ «Միկայում» այլեւս հնարավոր չէր խաղալ: Մարզահամերգային համալիրի բասկետբոլի դահլիճի վերածնունդն արդեն շատ հարցեր է լուծում: Մենք կարող ենք ցանկացած պահի բարձր մակարդակով մրցաշար անցկացնել:

Խաղացողների առումով մեծ ներուժ ունենք Հայաստանում եւ ԱՄՆ-ում: Հայաստանում բասկետբոլով զբաղվող երեխաների թիվը գերազանցում է 3000-ը եւ ամեն տարի նկատվում է մեծ աճ: Նախատեսում ենք երիտասարդների միջազգային մրցաշար անցկացնել Երեւանում, բանակցում ենք ռուսական եւ բելառուսական թիմերի հետ»,- ասաց Արթուր Նազարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը եզրափակչում Մալթայի հավաքականին հաղթել էր 84։68 հաշվով։

  • Կիսվել: