երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի հավաքականի համար խաղն ավարտվեց 43-րդ րոպեին. Կապառոս

Հայաստանի հավաքականի համար խաղն ավարտվեց 43-րդ րոպեին. Կապառոս

Հայաստանի հավաքականի համար խաղն ավարտվեց 43-րդ րոպեին՝ Արման Հովհաննիսյանի կարմիր քարտից հետո: Մինչ այդ մենք հավասարը հավասարի խաղացինք անչափ ուժեղ հավաքականի հետ: Այս մասին այսօր հետխաղային ասուլիսում մեկնաբանելով Շոտլանդիայից կրած 1:4 հաշվով պարտությունը Ազգերի լիգայի չորրորդ տուրի տնային խաղում՝ ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

Նա նշեց. ՛՛Երկու կարմիր քարտերից Կամո Հովհաննիսյանինն այլ դրվագ էր, ավելի շատ խաղային էր: Արման Հովհաննիսյանի կարմիր քարտը պետք է վերլուծել, իրավիճակը քննարկել ֆուտբոլիստի հետ: Շատ ցավալի է, որ այսպես ստացվեց: Կարծում եմ՝ թիմը մինչեւ Արման Հովհաննիսյանի կարմիր քարտը շատ լավ էր խաղում: Կարողացանք հանկարծակիի բերել մրցակցին 4 պաշտպանով, գոլային պահեր ստեղծեցինք, բայց այս խաղն ավարտվեց 43-րդ րոպեին:

Սառանասիրտ է պետք վերլուծել այս ամենը: Պետք չէ շատ ճնշում գործադրել այդ տղայի վրա: Նա շատ սիրված է թիմում՛՛:

Մարզիչն անդրադարձավ նաև Էդուարդ Սպերցյանի վերաբերյալ իր որոշմանը՝ ասելով. ՛՛Էդուարդ Սպերցյանը դժգոհեց փոխարինվելու իմ որոշումից: Նա երիտասարդ ֆուտբոլիստ է, եւ այդ դրվագը ես նրա հետ հանդերձարանում կքննարկեմ: Նա մեծ ցանկություն ուներ շարունակել, բայց մենք չէինք կարող ռիսկի դիմել, քանի որ արդեն դեղին քարտ ուներ: Ինչ խոսք, պետք է ավելի շատ կարողանաս վերահսկել ինքդ քեզ, բայց խաղադաշտում երբեմն դժվար է լինում սառնասիրտ լինել:

Առաջին 43 րոպեներն ինձ անչափ շատ դուր եկան: Մենք մի քանի գոլային պահ ստեղծեցինք անչափ ուժեղ մրցակցի հետ: Կարծում եմ՝ ինձ հետ շատերը կհամաձայնեն: Բաց խաղ էր փոխադարձ գրոհներով եւ շանսերով: Վերջացավ այնպես, ինչպես վերջացավ՛՛:

Կապառոսի խոսքով՝ Շոտլանդիան մի հավաքական է, որը շատ մոտ էր աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելուն: Նա վստահեցրեց, որ մենք այս թիմի դեմ հավասարը հավասարի ենք պայքարում: ՛՛Երբ նման մրցակցի դեմ 10 ֆուտբոլիստով ես խաղում, պարզ է որ բարդ է լինելու՛՛,-մեկնաբանեց իսպանացի մարզիչը:

՛՛Պետք է խոսել կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստի հետ, վերլուծել եւ հասկացնել, որ անթույլատրելի է նման իրավիճակում այդպիսի պահվածքը՛՛,-հավելեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի Երևանում ընդունեց Շոտլանդիայի ընտրանում և 1-4 հաշվով պարտություն կրեց:

  • Կիսվել: