կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
ԱԱ-2026. Շոտլանդիան օգտվեց Բրազիլիայի սայթաքումից և դարձավ C խմբի միանձնյա առաջատարը

ԱԱ-2026. Շոտլանդիան օգտվեց Բրազիլիայի սայթաքումից և դարձավ C խմբի միանձնյա առաջատարը

ԱՄՆ-ի Ֆոքսբորո քաղաքի «Ջիլեթ» ստադիոնում ավարտվեց Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության C խմբի առաջին տուրի ևս մեկ հանդիպում. ուժերը չափեցին Շոտլանդիայի և Հայիթիի ազգային հավաքականները, գրում է armsport.am-ը: 

Ալժիրցի մրցավար Մուստաֆա Գորբալի սուլիչի ներքո անցած հանդիպումն ավարտվեց շոտլանդացիների նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակով։

Հանդիպման միակ և հաղթական գոլը գրանցվեց առաջին խաղակեսում. 29-րդ րոպեին շոտլանդացիների կիսապաշտպան Ջոն Մակգինը, տուգանային հրապարակի կենտրոնում օգտվելով անդրադարձից, գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ վճռելով խաղի ելքը։ Հայիթիի հավաքականին այդպես էլ չհաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը:

Հիշեցնենք, որ C խմբի մյուս խաղում Բրազիլիան և Մարոկկոն միավորներ էին կիսել (1:1)։ Այսպիսով, առաջին տուրից հետո Շոտլանդիայի հավաքականը վաստակած 3 միավորով միանձնյա գլխավորեց C խմբի մրցաշարային աղյուսակը։ Բրազիլիան ու Մարոկկոն ունեն մեկական միավոր, իսկ Հայիթին առանց միավորի եզրափակում է քառյակը։

Խմբի երկրորդ տուրի հանդիպումները կկայանան հունիսի 20-ին։

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

С խմբի աղյուսակն այս պահին

  • Կիսվել: