Հայաստանի առաջնությունում արդյունքս 1 ամիս մարզվելուց հետո նորմալ է, բայց քիչ է Եվրոպայի առաջնության համար. Ռաֆիկ Հարությունյան
Ծանր վնասվածքից հետո մեկ ամիս է վերսկսել եմ մարզումներս: Հայաստանի առաջնությունում ցույց տված արդյունքս մեկ ամիս մարզվելուց հետո նորմալ է, բայց քիչ է Եվրոպայի առաջնության համար: Քաշային կարգս կփոխեմ 88 կգ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը:
Երեւանում ընթացող ծանրամարտի Հայաստանի առաջնությունում 81 կգ քաշայինների պայքարում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 328 կգ արդյունքով դարձավ չեմպիոն (147+ 181):
«Մոտ մեկ ամիս է, ինչ մարզվում եմ: 2024 թ. աշխարհի առաջնությունից առաջ ծանր վնասվածք էի ստացել, ինչի պատճառով չկարողացա մեկնել առաջնության: Դրանից հետո շուրջ երկու ամիս բուժումներ եմ ստացել: Մեկ ամիս առաջ եմ վերսկսել մարզումներս: Մեկ ամսվա համար 328 կգ արդյունքն իմ կարծիքով նորմալ է, բայց շատ քիչ է Եվրոպայի առաջնության համար: Դեռ երկու ամիս ժամանակ ունենք, կփորձեմ մոտենալ իմ կիլոգրամներին, որոնցով հաղթել եմ, մեդալ եմ նվաճել, կփորձեմ ավելի բարելավել արդյունքներս:
Վնասվածքներ կան, որ ժամանակի հետ միշտ պետք է գան քեզ հետ: Չես կարող լիարժեք ապաքինվել: Սա արդեն մի քիչ բնավորության հարց է եւ օրգանիզմի առանձնահատկություն, որը կարող է մեկի հետ լինի, մեկի հետ չլինի: Ես սովորել եմ արդեն վնասվածքներին:
Իմ քաշային կարգը նույնպես փոխվելու է: Օլիմպիական քաշը կլինի 79 կգ կամ 88 կգ: Ես իմ քաշային կարգը կբարձրացնեմ 88 կգ: Սպորտային տեսանկյունից բարձրացնելն ավելի ճիշտ է, որպեսզի վնասվածքները գլուխ չբարձրացնեն»,- ասաց Ռաֆիկ Հարությունյանը:
2022 թ. Եվրոպայի առաջնությունում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 354 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն (160+194): 2024 թ. Եվրոպայի առաջնությունում երկամարտումի 336 կգ արդյունք դարձավ բրոնզե մեդալակիր (154+182):