կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հարկ եմ համարում ներկայացնել օբյեկտիվ իրականության բաց թողնված մասը. նախկին փոխքաղաքապետ

Հարկ եմ համարում ներկայացնել օբյեկտիվ իրականության բաց թողնված մասը. նախկին փոխքաղաքապետ

Այսօր Երևանի ավագանու նիստում քաղաքապետը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանի սպորտի բաժինը գտնվում է խայտառակ վիճակում և որ սպորտը նախկինում երբեք ուշադրության չի արժանացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի նախկին փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

՛՛Նա, անշուշտ, իրավացի է, որ ոլորտում համայնքը տարիներ ի վեր լուրջ ներդումներ չի արել, իսկ կառավարչական առումով այն քայքայվել է։ Սակայն, որպես վերջին տարում սպորտի և երիտասարդության ոլորտը համակարգած քաղաքապետի տեղակալ, հարկ եմ համարում ներկայացնել օբյեկտիվ իրականության բաց թողնված մասը՝ հակիրճ անդրադառնալով առնվազն վերջին տարում նշյալ ոլորտներում կատարված հիմնական աշխատանքը։

2021 թվականին ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ իրականացվել է սպորտի ոլորտի փորձագիտական վերլուծություն (համապատասխան բաժինների գործառութային ուսումնասիրություն, սպորտաձևերի ու մարզադպրոցների բաշխման և դրանցում մարզիկների ներգրավվածության, շարժունության խնդիրներ և այլն)։

Արդյունքում կազմվել է համակարգային բարեփոխումների առաջարկ՝ համոզված լինելով, որ ոլորտի հետագա բարելավման նպատակով առաջնային է նախ բարեփոխել և ամրապնդել դրա համար պատասխանատու ստորաբաժանումը։

Մասնավորապես՝ կազմվել է սպորտի բաժնի գործառութային վերակազմակերպման, ինչպես նաև երիտասարդության հարցերի առանձին, նոր բաժնի ստեղծման նախագծային փաթեթ։ Միաժամանակ՝ կազմվել է սպորտի բաժնի աշխատակիցների կարողությունների զարգացման նպատակով վերապատրաստումների նախնական պլան։

Նաև, գործունեության աննպատակահարմարության հիմքով առաջարկվել է լուծարել Երևանի Սպորտկոմիտե ՀՈԱԿ-ը՝ դրա գործառույթները փոխանցելով սպորտի բաժնին։ Վերոնշյալ փոփոխությունների արդյունքում համայնքը կխնայեր տարեկան մոտ 11 մլն դրամ։

Մարզադպրոցների գործունեության կանոնակարգմանն ու թափանցիկության բարձրացմանն ուղղված որոշումների շարքում պատրաստվել է դրանց ենթակայության սկզբունքը հստակեցնող նախագիծ, մշակվել է դրանց էլեկտրոնային կառավարման համակարգի տեխնիկական առաջադրանքը։ Համակարգը նախատեսվում էր մշակել և ներդնել 2022 թվականի ընթացքում, որն իր հետ կբերեր այն բոլոր առավելությունները և որակական փոփոխությունները, որոնք բերում են էլեկտրոնային համակարգերը։

ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ կատարվել է նաև ոչ ֆորմալ կրթական կենտրոնների ուսումնասիրություն։ Արդյունքում նախատեսվել է համայնքային 13 մանկապատանեկան մշակութային կենտրոնները վերափոխել պատանեկության և երիտասարդական կենտրոնների (որպիսիք քաղաքը ներկայումս չունի)՝ դրանց վերափոխման և հետագա կանոնակարգման ծրագրի իրականացումը վերապահելով նոր ստեղծվելիք երիտասարդության բաժնին։

Ի դեպ, 2021 թվականին ձևավորվել և սկսել է գործել քաղաքապետին կից երիտասարդական հարցերի խորհուրդը, և առաջին անգամ համայնքային միջոցներով իրականացվել են երիտասարդական ծրագրեր՝ դրանք շարունակական դարձնելու նախատեսմամբ։

Հուսով եմ՝ ներկայում պաշտոնավարող գործընկերներս չեն տարվի միայն առանձին մարզադպրոցների խնդիրներին անդրադառնալու գայթակղությամբ, այլ կդիտարկեն ռազմավարական առումով ավելի խորքային բարեփոխումներ առաջարկող, արդեն իսկ նախապատրաստված (կամ այլընտրանքային) նախագծերի իրագործման հարցը՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: