հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գրեփլինգի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 3 մեդալ է նվաճել

Գրեփլինգի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 3 մեդալ է նվաճել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ներկա են գտնվել ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը, գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանը, մարզիկներ Ռազմիկ Միսակյանը, Մայիս Ներսեսյանը և Արթուր Զաքարյանը:

Գրեփլինգի Հայաստանի հավաքականը մարտի վերջին 3 մարզիկով մասնակցել էր Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությանը և 3 մեդալ նվաճել: -62 կգ քաշային կարգի No-Gi (առանց կիմոնոյի) ձևաչափում Ռազմիկ Միսակյանը դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ նույն քաշային կարգի Gi ձևաչափում Մայիս Ներսեսյանը նվաճել էր բրոնզե մեդալ: -84 կգ քաշային կարգի Gi ձևաչափում էլ բրոնզե մեդալակիր էր դարձել Արթուր Զաքարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, շնորհավորելով մարզիկներին կարևոր նվաճման առթիվ, ընդգծել է՝ շատ ուրախալի է, որ ֆեդերացիայի գործունեության ընդամենը մեկ տարվա ընթացքում արդեն իսկ շոշափելի արդյունքներ են գրանցվել. «Աշխատանքը ենթադրում է ռեսուրսների ծախս, նվիրվածություն, նպատակամղվածություն, և միայն դրանց առկայության դեպքում է հնարավոր որևէ արդյունք ունենալ: Դուք, ձեր գործը սիրելով, ամեն ինչ անում եք հաջողության հասնելու համար և, փառք Աստծո, այս կարճ ժամանակահատվածում կարողացել եք լավ արդյունքներ ապահովել ու մեդալներ նվաճել»:

Կարեն Գիլոյանի խոսքով՝ հատկապես ուրախացնում է այն հանգամանքը, որ գրեփլինգն աստիճանաբար հիմնավորվում և ուժեղանում է՝ որպես մարզաձև. «Շատ հնարավոր է՝ այն մի օր տեսնենք նաև օլիմպիական խաղերի ծրագրում: Ամեն դեպքում, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան շատ լուրջ ուշադրություն է դարձնում այս մարզաձևին: Դուք էլ ֆեդերացիայում ձեր աշխատանքը կատարում եք շատ բարեխղճորեն: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ»:

Ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը ևս հույս է հայտնել, որ գրեփլինգը մի օր օլիմպիական մարզաձև կդառնա. «Գրեփլինգը մեզ համար հիմա գերակա ուղղություն է, ու միանգամայն իրատեսական է դարձել օլիմպիական ընտանիքի կազմում ընդգրկվելը»:

Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանն էլ ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցության շրջանակում կարևորել է մարզիկներին կոչումների շնորհման գործընթացը. «Շնորհակալ ենք այն աջակցության համար, որ կա, ու այն աշխատանքների համար, որոնք տարվում են: Մեր մարզիկները մարզական կոչումներ են ստանում, ինչը շատ կարևոր է մեզ համար: Դա էլ մեծ խթան է: Մենք էլ ամեն ինչ անելու ենք, որ գրեփլինգը Հայաստանում զարգանա»:

Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մայիս Ներսիսյանն ավելի վաղ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման էր արժանացել:

  • Կիսվել: