երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ֆուտզալի Հայաստանի հավաքականին մեկ քայլ է բաժանում պատմական հաղթանակից

Ֆուտզալի Հայաստանի հավաքականին մեկ քայլ է բաժանում պատմական հաղթանակից

Դեկտեմբերի 6-ին ֆուտզալի Հայաստանի հավաքականն անցկացրեց Եվրոպայի 2020թ․-ի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը Բուլղարիայի հավաքականի հետ։

Հանդիպման 11-րդ րոպեին մրցավարը Գարեգին Մաշումյանի նկատմամբ թույլ տված կանոնների խախտման համար 7 մետրանոց տուգանային հարված նշանակեց բուլղարացիների դարպասին։ Այն դիպուկ իրացրեց Համլետ Մանուկյանը։ 7 որպե անց նույն Մանուկյանը Վլադիմիր Սանոսյանի փայլուն անցումից հետո խփեց երկրորդ գնդակը։ Եվս երկու րոպե անց՝ առաջին կեսի վերջին րոպեին, Սանոսյանն օգնեց գոլի հեղինակ դառնալ Դավիթ Ասլանյանին։
 

Երկրորդ կեսում բուլղարացիները ապարդյուն ջանքեր էին գործադրում գոնե մեկ գնդակ խփելու։ Հայաստանի հավաքականը հաջողությամբ պաշտպանվում էր, իսկ հանդիպման վերջին րոպեին նաև խփեց 4-րդ գնդակը։ Աչքի ընկավ հանդիպման լավագույն խաղացողներից մեկը՝ Վլադիմիր Սանոսյանը։

Այսպիսով՝ Հայաստանի հավաքականը հաղթեց 4-0 հաշվով և այժմ շատ մոտ է որակավորման եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելուն։ Դրա համար Ռուբեն Նազարեթյանի թիմը պետք է պատասխան խաղում չպարտվի 4 կամ ավելի գոլերի տարբերությամբ։ Պատասխան խաղը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին։

Դիմակայությունում հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականը դուրս կգա որակավորման եզրափակիչ փուլ և կընդգրկվի երկրորդ խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Ռուսաստանի (զբաղեցնում է ՈՒԵՖԱ-ի դասակագրման ցուցակի երկրորդ հորիզոնականի 2-րդ տեղը), Ֆրանսիայի և Վրաստանի հավաքականների հետ։ Որակավորման եզրափակիչ փուլի 8 խմբերի հաղթողները և երկրորդ տեղը զբաղեցրած թիմերից լավագույն 6-ը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք կբերեն, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած մյուս երկու թիմերը իրար մեջ կվիճարկեն եզրափակիչ փուլի վերջին ուղեգիրը։

  • Կիսվել: