երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եթե այդ հնարքը չանեի, գուցե ճակատագրական լիներ ինձ համար. Մալխաս Ամոյան

Եթե այդ հնարքը չանեի, գուցե ճակատագրական լիներ ինձ համար. Մալխաս Ամոյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց Խորվաթիայում կայացած առաջնությունը, որտեղ ինքը ոսկե մեդալ նվաճեց:

«Ուրախ եմ, որ կարողացա Եվրոպայի կրկնակի չեմպիոն դառնալ: Այս անգամ ավելի բարդ ստացվեց: Լավ էինք պատրաստվել մեր մարզիչների օգնությամբ: Եզրափակչում մրցակիցս լավ էր պատրաստվել ու ամեն ինչ անում էր հաղթանակի համար: 20 վայրկյանում կարողացա հնարք կատարել ու հետ բերել կորցրածս: Եզրափակիչ գոտեմարտից այդքան էլ գոհ չեմ, քանի որ եթե այդ հնարքը չանեի, գուցե՝ այն ճակատագրական լիներ ինձ համար»,- ասաց Մալխաս Ամոյանը:

Ամոյանի խոսքով՝ այս հաղթանակն իրեն վստահություն է տվել՝ հետագա մրցումների համար.«Այս հաղթանակն ինձ ավելի մեծ ուժ տվեց այս քաշային կարգում: Հաջորդ մրցաշարերին ավելի վստահ կմոտենամ: Այդուհանդերձ, բացերը շատ են: Ամեն ինչ պետք է անեմ մարզիչների օգնությամբ բացերը լրացնելու և աշխարհի առաջնությանը պատրաստ մոտենալու համար, որը Փարիզ տանող ճանապարհի գլխավոր կետն է: Ինձնից հասնում է լավ մարզվել ու Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել, հետագայում էլ փորձել մեդալակիր դառնալ արդեն  Փարիզի խաղերում»,- եզրափակեց Մալխաս Ամոյանը:

  • Կիսվել: