ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵՊՀ տղաների թիմը ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերում ճանաչվել է բասկետբոլի առաջնության հաղթող

ԵՊՀ տղաների թիմը ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերում ճանաչվել է բասկետբոլի առաջնության հաղթող

ԵՊՀ տղաների թիմը ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերում ճանաչվել է բասկետբոլի առաջնության հաղթող. տղաների պայքարին ՀՀ տարբեր բուհերից մասնակցում էր 10 թիմ, իսկ աղջիկների պայքարին՝ 8 թիմ, հայտնում են ԵՊՀ-ից։

2-րդ տեղը զբաղեցրել է ՀԱԱՀ հավաքական թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի (ՖԿՀՊԻ) թիմը:

ԵՊՀ տղաների` բասկետբոլի թիմի մարզիչ Վլադիմիր Զաքոյանը նշել է. «ԵՊՀ թիմում տարբեր ֆակուլտետներից ընդգրկված են տարբեր կուրսերի ուսանողներ: Բավականին լարված մրցապայքար էր, սակայն ԵՊՀ մարզիկները փայլուն արդյունք գրանցեցին, և դա այն դեպքում, երբ մեծ մասը սկսնակ է. միայն մի քանիսն են երկար ժամանակ զբաղվում բասկետբոլով»:

Թեժ մրցապայքար է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աղջիկների հավաքական թիմերի միջև: Խաղն ավարտվել է 5:5 հաշվով, և թիմերը շարունակել են մրցապայքարը: Վերջնական արդյունքում խաղն ավարտվել է 7:5 հաշվով:

ԵՊՀ աղջիկների՝ բասկետբոլի հավաքական թիմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, իսկ 2-րդ հորիզոնականը գրավել է ՀՊՏՀ-ի թիմը: Պատվավոր առաջին հորիզոնականում ՖԿՀՊԻ հավաքականն էր:

ԵՊՀ աղջիկների՝ բասկետբոլի թիմի մարզիչ Լուսինե Մելքոնյանը մարզական խաղերին մասնակցությունը և ուսանողների գրանցած արդյունքները գնահատելիս նշել է. «3-րդ մրցանակային տեղը զբաղեցրինք՝ հաղթելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) հավաքականին: Բավականին ուժեղ թիմ էր: Ցավոք, այս տարի էլ չկարողացանք գերազանցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աղջիկների թիմին, այնուամենայնիվ, բավականին լավ արդյունք գրանցեցինք»:

  • Կիսվել: