ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բռնցքամարտի ԱԱ․ Գուրգեն Մադոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով

Բռնցքամարտի ԱԱ․ Գուրգեն Մադոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ռինգ է դուրս եկել Հայաստանի մեկ ներկայացուցիչ՝ 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։

Հայ բռնցքամարտիկը 1/32 եզրափակչում 3-ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5-0 հաշվով հաղթանակ է տարել Սլովենիայի ներկայացուցչի նկատմամբ, փոխանցում է armsport-ը։

Մադոյանը դուրս է եկել 1/16 եզրափակիչ, որտեղ հոկտեմբերի 28-ին ուժերը կչափի Լեհաստանի ներկայացուցիչ Դ. Դամիանի հետ:
Հիշեցնենք՝ այսօր ռինգ պետք է դուրս գար նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Եվրոպայի Մ22 տարեկանների հաղթող, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, սակայն 1/32 եզրափակչում նրա մրցակից Պուերտո Ռիկոն ներկայացնող բռնցքամարտիկ Ռիվերա Պիզարոն չի կարողացել կարգավորել քաշն ու Բազեյանն անցել է հաջորդ փուլ։
Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, Հայաստանն աշխարհի առաջնությունում կունենա երկու ներկայացուցիչ։ Եվրոպական խաղերի չեմպիոն, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը 1/16 եզրափակչում կմենամարտի Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արգիշտի Տերտերյանի հետ, իսկ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը 1/32 եզրափակչում ուժերը կչափի Իտալիայի ներկայացուցիչ Մոհիդինե Աբեսի հետ:
Հիշեցնենք՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 21-ին է մեկնել մրցավայր՝ 11 մարզիկով: Թիմի կազմում ընդգրկվել են Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Արման Դարչինյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։

  • Կիսվել: