հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Չալոյանը եզրափակչում է, Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալակիր

Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Չալոյանը եզրափակչում է, Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալակիր

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող աշխարհի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ, իսկ Հովհաննես Բաչկովը դարձել է ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:

Դավիթ Չալոյանը կիսաեզրափակչում մենամարտել է երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, Ադրբեջանի ներկայացուցիչ Մահամմադ Աբդուլաևի դեմ և 5-0 հաշվով հաղթանակ տարել:

Գյումրեցի բռնցքամարտիկը, որն առաջին անգամ է մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը, պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 4:1 հաշվով առավելության էր հասել Ուկրաինան ներկայացնող Ցոնտե Ռովագայի նկատմամբ: 1/8 եզրափակչում Չալոյանը նույն՝ 4:1 հաշվով հաղթել է կոլումբացի Քրիստիան Սալսեդո Կոդասիին, իսկ քառորդ եզրափակչում տպավորիչ հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Լազիզբեկ Մուլուջոնովի նկատմամբ։

Նոյեմբերի 5-ին Դավիթ Չալոյանն աշխարհի առաջնությունում կանցկացնի եզրափակիչ մենամարտը: 24-ամյա բռնցքամարտիկը ոսկե մեդալի համար կմենամարտի Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկու հետ։

Հայաստանը 12 տարվա մեջ առաջին անգամ մասնակից կունենա աշխարհի առաջնության եզրափակչում. 2009 թվականին բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը Միլանում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել էր փոխչեմպիոնի կոչումը:

Գյումրեցի մեր մյուս բռնցքամարտիկ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում մենամարտել է աշխարհի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական չեմպիոն կուբացի Էնդի Գոմես Կրուսի հետ և 0։5 հաշվով պարտություն կրել՝ բավարարվելով բրոնզե մեդալով:

Սա Բաչկովի երրորդ բրոնզե մեդալն էր աշխարհի առաջնություններում:

Հիշեցնենք՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, 11 մարզիկով էր մեկնել աշխարհի առաջնության: Թիմի կազմում ընդգրկվել էին նաև Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Արման Դարչինյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ)։

Աշխարհի առաջնության մասնակիցները մրցում էին 13 քաշային կարգերում: Ստուգատեսին հայտավորված էր 105 երկրի 650 բռնցքամարտիկ։

ԱԻԲԱ-ի 75-ամյա պատմության մեջ առաջին անգամ բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցանակակիրները կպարգևատրվեն. ընդհանուր առմամբ սահմանվել է 2,6 միլիոն դոլար մրցանակային ֆոնդ։ ԱԱ-ի ոսկե մեդալակիրները կստանան՝ 100, արծաթե մեդալակիրները` 50, իսկ բրոնզե մեդալակիրները` 25 հազարական ԱՄՆ դոլար:

  • Կիսվել: