շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը Գլազգոյում պարտվեց Շոտլանդիային

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը Գլազգոյում պարտվեց Շոտլանդիային

Ազգերի լիգայի B դիվիզիոնի երկրորդ տուրի շրջանակում Շոտլանդիայի հավաքականը Գլազգոյի «Համփդեն Պարկ» մարզադաշտում ընդունել էր Հայաստանի ազգային հավաքականին։ Մեր թիմը երկու անպատասխան գնդակ ընդունեց դարպասը։

Շոտլանդացիները շատ ակտիվ էին սկսել խաղն ու, առհասարակ, ողջ խաղի ընթացքում պարբերաբար սպառնում են մեր դարպասին։

 

28-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ․ Արմսթրոնգը ձախ եզրից փոխանցում կատարեց դարպասի աջ եզրում գտնվող Էնթոնի Ռալսթոնին, որը մոտ տարածությունից կատարած գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը։

 


Այս գոլից հետո ևս շոտլանդացիները, կարելի է ասել, չէին հեռանում մեր տուգանայինից ու կարողացան կրկնապատկել հաշիվը․ 40-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գնդակը հայտնվոց Սկոթ ՄաքՔեննայի մոտ, որը մոտ տարածությունից շատ հեշտությամբ գրավեց Յուռչենկոյի դարպասը։


Առաջին կեսին ավելացված 3-րդ րոպեին մրցակիցը ևս մեկ անգամ գրավեց մեր թիմի դարպասը, բայց, ի ուրախություն մեզ, մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց։

Երկրորդ կեսում խաղադաշտ դուրս եկած Վահան Բիչախչյանը թարմություն բերեց հարձակման գծին, նույնիսկ կարող էր գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ դառնալ, բայց ուշացրեց ու կորցրեց գնդակը։

Բիչախչյանը նաև երկրորդ վտանգավոր պահը ստեղծեց, այս անգամ հարվածը թույլ ստացվեց։ Եվս մեկ հարված կատարեց Տիգրան Բարսեղյանը, այն ևս թույլ ստացվեց։

Շոտլանդացիները երկրորդ կեսում էլ շարունակեցին իրենց գրոհները, բայց գնդակը կամ շեղ էր գնում, կամ Յուրչենկոն կարողանում էր փրկել մեր թիմին։

Այսպիսով, այս խաղից հետո մեր ընտրանին խմբում 3-րդն է, իսկ Շոտլանդիան գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

  • Կիսվել: