շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այսօր էլ մեր դեռահասները, պատանիներն ու երիտասարդները բարձր կպահեն Հայաստանի պատիվը. Կարեն Գիլոյան

Այսօր էլ մեր դեռահասները, պատանիներն ու երիտասարդները բարձր կպահեն Հայաստանի պատիվը. Կարեն Գիլոյան

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։ Արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը և այլք:   Լուսային և ձայնային գեղեցիկ շոու ծրագրի ընթացքում ներկայացվել են հայկական մշակույթն ու արվեստը:

Անդրադարձ է կատարվել նաև տարբեր ոլորտներում հայ նշանավոր և անվանի գործիչներին: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է՝ Հայաստանն այս տարվա ընթացքում երկրորդ անգամ է ընդունում խոշոր մարզական մրցում, ինչը շատ պատվաբեր է. «Սամբոն Հայաստանում շատ լուրջ ավանդույթներ ունի և մեկ հետաքրքիր փաստ ևս. սամբոն ստեղծվել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների կողմից և հայկական կոխ ըմբշամարտի տարրեր է նաև պարունակում»:  

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև այս մարզաձևում նշանակալի հաջողություններ գրանցած հայ մարզիկներին. «1981 թվականին Գառնիկ Հարությունյանն առաջին անգամ նվաճեց սամբոյի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Դրանից հետո մեր մարզիկները բազմիցս բարձր են պահել նախ Խորհրդային Միության, ապա անկախ Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը: 12 մարզիկ, այդ թվում՝ երկու կին՝ Քրիստինե Նաջարյանն ու Արևիկ Կարապետյանը, տարբեր տարիների արժանացել են սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչմանը:

Նրանցից շատերը նաև Եվրոպայի չեմպիոններ են»: Կարեն Գիլոյանը վստահություն է հայտնել, որ այսօր էլ մեր դեռահասները, պատանիներն ու երիտասարդները բարձր կպահեն Հայաստանի պատիվը և նրանց պատվին բազմիցս վեր կբարձրանա հայոց եռագույնը, և կհնչի ՀՀ օրհներգը:   Հիշեցնենք՝ սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 14-ից 16-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Առաջնությանը շուրջ 500 մարզիկ-մարզուհի կմասնակցի աշխարհի ավելի քան 20 երկրներից` Հայաստան, ԱՄՆ, Բուլղարիա, Գերմանիա, Իսլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Կիպրոս, Կորեա, Հունաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Մոնղոլիա, Ռումինիա, Սերբիա, Վրաստան, Տաջիկստան, Ուզբեկստան: Չեզոք մարզիկների դրոշի /FIAS/ ներքո հանդես կգան ռուսաստանցի, բելառուս և ֆրանսիացի մարզիկները: Առաջնության շրջանակում կխաղարկվի 55 հավաքածու մեդալ: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը կներառի նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր: 

  • Կիսվել: