կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինձ համար ցավալի էր, որ ծանրամարտի աշխարհի առաջնության մարզադահլիճի տրիբունաները դատարկ էին. Կարեն Գիլոյան

Ինձ համար ցավալի էր, որ ծանրամարտի աշխարհի առաջնության մարզադահլիճի տրիբունաները դատարկ էին. Կարեն Գիլոյան

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լիահույս է, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան աշխարհի առաջնությունների անցկացումը  կվստահի «ծանրամարտային երկրներին», որտեղ մարզաձևը սիրված է, և մարզադահլիճը դատարկ չի լինի:

«Ինձ համար ցավալի էր` աշխարհի առաջնության մարզադահլիճի տրիբունաները դատարկ էին: Երբ հիշում եմ Երևանի Եվրոպայի առաջնությունը, ափսոսանք եմ ապրում, որ աշխարհի առաջնությունում տրիբունաները դատարկ էին: Առանց այդ էլ մարզաձևը նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում: Ոչ «ծանրամարտային» երկրում աշխարհի առաջնությունն անցկացնելը վերջնականապես կզրոյացնի հետաքրքրությունը ծանրամարտի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գիլոյանը:

Նախարարի տեղակալի խոսքով` ծանրամարտի աշխարհի առաջնություն Եվրոպա աշխարհամասում վերջին անգամ անցկացվել է 2014 թվականին:

«Հաջորդ տարի էլ աշխարհի առաջնությունը կանցկացվի Բահրեյնում։ Վստահ եմ, որ տրիբունաները էլի դատարկ են լինելու: Մեր ցանկությունն է, որ մեծացնենք հետաքրքրությունը ծանրամարտի նկատմամբ»,-ասաց նա:

Գիլոյանը շնորհավորեց Հայաստանի ծանրամարտի հավաքականին աշխարհի առաջնության ժամանակ կատարած թիմային աշխատանքի համար: 

Անդրադառնալով նախաօլիմպիական տարում հայ մարզիկների գրանցած արդյունքներին՝  Գիլոյանն ընդգծեց, որ Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանն առավելագույնը 3 ծանրորդ կարող է ունենալ և մարզչական շտաբը պետք է որոշի, թե որ մարզիկները պետք է ներկայացնեն Հայաստանը:

  • Կիսվել: