կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այն, ինչ կատարում են մեր մարզիկներն, ուղղակի հերոսություն է.Գիլոյանն անդրադարձել է 2024-2050 թվականների ռազմավարությանը

Այն, ինչ կատարում են մեր մարզիկներն, ուղղակի հերոսություն է.Գիլոյանն անդրադարձել է 2024-2050 թվականների ռազմավարությանը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ամփոփեց անցնող մարզական տարին և անդրադարձավ 2024-2050 թվականների ռազմավարությանը:

«Երկարատև աշխատանքից հետո մենք կարողացանք ընդունել 2024-2050 թվականների ռազմավարությունը, որը հիմք է ծառայելու մինչև 2050 թվականի մեր գործունեությանը: Ռազմավարության մեջ մտնող որոշակի չափորոշիչներ մենք արդեն կատարել ենք: Օրինակ` այն, որ մենք պետք է մինչև 2030 թվականը ունենայինք Եվրոպայի 15 չեմպիոն, արդեն իրականություն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով` ռազմավարության մեջ մեծ ուշադրություն է դարձված մասսայական սպորտին: Հաջորդ տարի փոփոխության կենթարկվեն «Վարչապետի գավաթ» մրցաշարերը, որոնց հիմնական մասը կլինի դպրոցահասակ երեխաների համար (սեղանի թենիս, հեծանվային խճուղավազք):

«Հսկայածավալ գույք ենք տրամադրելու այդ մրցաշարերն անցկացնելու և մրցակցային դարձնելու համար: Հեծանվավազքի մրցաշարի ժամանակ մեծածավալ հեծանիվներ ենք գնելու և բաժանելու  հանրակրթական դպրոցներին: Այս կերպ հազարավոր երեխաների հնարավորություն կտանք հեծանիվ վարել իմանալ ու այն օգտագոծել առօրյա տեղափոխության համար: Գուցե նաև Հայաստանը մի օր դարձնենք Նիդերլանդների պես երկիր` լուծելով մի շարք խնդիրներ»,-առանձնացրեց նա:

Ռազմավարության մեջ ընդգրկված կետերի շարքում առկա մինչև 2030 թվականը սպորտային ենթակառուցվածքների ստեղծման գործընթացը շարունակվելու է:

«Այսօր այն, ինչ կատարում են մեր մարզիկներն` ուղղակի հերոսություն կարելի է համարել: Այն, որ մինչ այս արդեն իսկ ունենք 435 մեդալ, վկայությունն է այն բանի, որ սպորտում ամեն ինչ ճիշտ ճանապարհով է ընթանում: Սա այն դեպքում, երբ մենք գրեթե ենթակառուցվածքներ չունենք: Հայաստանի կառավարության ծրագրերի շնորհիվ շուտով շահագործման կհանձնվի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը, հաջորդ տարի շահագործման կհանձնվեն գեղարվեստական մարմնամարզության և հեծանվային սպորտի մարզադպրոցները, 2025 թվականին պատրաստ կլինի Արթուր Ալեքսանյանի անվան հսկայական մարզական համալիրը և այլն: Հայաստանի շատ համայնքներում ունենալու ենք մարզահամալիրներ, որոնք իրենց կազմում ունենալու են լողավազաններ»,-ասաց նա:

Հայաստանը հայտ կներկայացնի 2026 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության համար:  Բանակցություններ են գնում 2025 թվականին Հայաստանում անցկացնել մի շարք մարզաձևերի (կարատե, հրաձգություն, սուսերամարտ, բռնցքամարտ, վոլեյբոլ) բարձրակարգ առաջնություններ և միջազգային մրցաշարեր:

«Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում անցկացվել են 6 գերխոշոր առաջնություններ, որոնց շնորհիվ Հայաստանն իր տեղն է գտել աշխարհի սպորտային քարտեզի վրա»,-եզրափակեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

  • Կիսվել: