շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ափսոսում եմ, որ ժամանակ չունեմ սպորտով զբաղվելու․ Արմեն Սարգսյան

Ափսոսում եմ, որ ժամանակ չունեմ սպորտով զբաղվելու․ Արմեն Սարգսյան

Ափսոսում եմ, որ ժամանակ չեմ գտնում սպորտով զբաղվելու՝ Տոկիոյում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահը Ճապոնիայի մայրաքաղաքում հետևում էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանի ելույթներին որակավորման փուլում:

«Արթուր Դավթյանի ելույթով հիացած եմ ու հպարտ. երկրորդ թռիչքը ֆանտաստիկ էր, շատ տպավորված եմ: Հուսով եմ՝ Արթուրը հայրենիք կվերադառնա մեդալով», -նշել է նախագահը:

«Իհարկե միշտ հպարտ ես, երբ հայկական եռագույնը ինչ-որ տեղ տեսնում ես: Երբ Օլիմպիական խաղերի բացմանը մեր մարզիկները մտան մարզադաշտ, ուրիշ ցանկություն չունեի բացի ոտքի կանգնելուց և մյուսների հետ «Հայաստան» վանկարկելուց», — նշել է նախագահը:

Ըստ նախագահի՝ սպորտը լավագույն ձևերից մեկն է՝ աշխարհին ներկայանալու և աշխարհի հետ ծանոթանալու:

«Օլիմպիական խաղերին մասնակցելն ինքնին արդեն հսկայական հաջողություն է։ Պատկերացրեք՝ գործ ունենք երիտասարդ մարդկանց հետ, որոնք իրենց կյանքը ներդնում են նպատակին հասնելու համար»,-նշել է նախագահ Սարգսյանը։

  • Կիսվել: