հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
7 մեդալ Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայից

7 մեդալ Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայից

2022 թ. սեպտեմբերի 19-25-ը ԵՊՀ-ում առցանց (օնլայն) ձևաչափով անցկացվել է Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 6-րդ օլիմպիադան, որը կազմակերպել էր Ուկրաինան:

Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում էր ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ձևաչափին, և յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 4 պաշտոնական մասնակից։ Կազմակերպիչները հնարավորություն էին տվել նաև մասնակից պետություններին մրցույթից դուրս ներկայացնել ոչ պաշտոնական մասնակիցներ՝ առավելագույնը 4 հոգի, որից օգտվելով Հայաստանի թիմը ներկայացրել է նույնքան ոչ պաշտոնական մասնակիցներ։  

Օլիմպիադայում մասնակցել են 32 երկրի 172 մասնակիցներ (91 պաշտոնական և 81 ոչ պաշտոնական (մրցույթից դուրս))։ Հայաստանի թիմը ներկայացել է 8 մասնակցներով: Թիմը ղեկավարել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը, ուսանողներ Սամվել Անդրեասյանն ու Համլետ Միքաելյանը։

Օլիմպիադայի արդյունքների ամփոփման ժամանակ մեր մասնակիցները արժանացել են 7 մեդալի (1 ոսկի - «Քվանտ» վարժարանից՝ Գագիկ Գևորգյանը (9-րդ դաս․), 3 արծաթ - «Քվանտ» վարժարանից՝ Ալեքս Գրիգորյանը (8-րդ դաս․), ֆիզմաթ դպրոցից՝ Ալեն Ղազարյանը (9-րդ դաս․) ու Մարտին Խաչատրյանը, 3 բրոնզ - «Ուսում» դպրոցից՝  Ալեքսանդր Ղազարյանը (8-րդ դաս․), ֆիզմաթ դպրոցից՝ Ծովակ Եգորյանը (9-րդ դաս․) ու Սերգեյ Համբարձումյանը (9-րդ դաս․))։ Օլիմպիադային մասնակցել է նաև ֆիզմաթ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ Մհեր Քալաշյանը։

Հիշեցնենք, որ 2021 թ. Հայաստանի թիմը (5 մասնակից) Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 5-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալների։

  • Կիսվել: