երկուշաբթի, սեպտեմբեր 26
26 / 9 / 2022
10-ամյա Վաչե Քոչարյանին կես միավոր է բաժանում առաջատարից․ շախմատի ԱԱ

10-ամյա Վաչե Քոչարյանին կես միավոր է բաժանում առաջատարից․ շախմատի ԱԱ

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան (Մ-8, Մ-10, Մ-12) առաջնության 6-րդ տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի 10-ամյա Վաչե Քոչարյանը, որը 6 հնարավորից վաստակել է 5 միավոր և այժմ գտնվում է 7-րդ տեղում։ Նա ընդամենը կես միավոր է զիջում երկու առաջատարներին:

12-ամյա Նարեկ Ղազարյանը 4,5 միավորով առայժմ զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ Նա նույնպես կարող է պայքարել չեմպիոնի կոչման համար, քանի որ ընդամենը 1,5 միավորով է զիջում խմբի միանձնյա առաջատար, վիետնամցի Դին Նհո Կիտին։

Մեդալների համար պայքարելու շանսեր ունեն նաև տղաներից 10-ամյա Տիգրան Համբարձումյանը, Դավիթ Ստեփանյանը, 12-ամյա Վոլոդյա Թորոսյանը, աղջիկներից՝ 10-ամյա Նարե Իսախանյանը, որոնք վաստակել են 4-ական միավոր։

Այսօր տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները։ Տիգրան Համբարձումյանը կհանդիպի ադրբեջանցի մրցակցի հետ։ Միայն հաղթանակի դեպքում մեր շախմատիստը կշարունակի պայքարը մեդալների համար։

  • Կիսվել: