Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ Գյումրիում անցկացվել են միջոցառումներ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ Գյումրիում տարբեր միջոցառումներով հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, անցկացվել են խորհրդանշական միջոցառումներ։ Շիրակի մարզպետարանի վարչական շենքում բացվել է շիրակցի նկարիչների «Վերելք» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Գյումրու նկարիչների միության հետ համագործակցությամբ բացված ցուցահանդեսում ներկայացված են 16 գործեր։
Օրվա ընթացքում Գյումրու պետական սիմֆոնիկ և Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբերը ևս հայոց բանակի 30-ամյա հոբելյանին նվիրված տոնական համերգներով հանդես եկան: ՀՀ ՊՆ N զորամասում անցկացվել է տոնական շքերթ։
«Մշակույթ ընդդեմ պատերազմի» խորագրով միջոցառում էլ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի մասնակից, ծանր վիրավորված, 24-ամյա գյումրեցի արվեստագետ Բեն Պողոսյանի անունը կրող Գյումրու ԲենԱրթ ցուցասրահում: Երիտասարդ արվեստագետի նախաձեռնությամբ մեծարվեցին իր զինակից ընկերները, իսկ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից հետմահու մեդալների արժանացան հայրենիքի համար կյանքը զոհած հերոսները:
Օրվա առթիվ Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում բաց դռների օր է հայտարարված զինծառայողների և զոհվածների հարազատների համար։