շաբաթ, սեպտեմբեր 12
12 / 9 / 2026
Զելենսկին Ռուսաստանի «արժանի պատասխան» է խոստացել

Զելենսկին Ռուսաստանի «արժանի պատասխան» է խոստացել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է պատասխանել իր երկրի էներգետիկայի վրա ռուսական հարվածներին։

Ամերիկացի քաղաքական մեկնաբան Ֆարիդ Զաքարիայի հետ զրույցում նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինան սովորել է հնարավորություններ գտնել՝ արժանիորեն պատասխանելու ռուսական հարվածներին։ Ես դա չեմ համեմատում այն հումանիտար աղետների հետ, որոնք նրանք այսօր կազմակերպում են։ Ուկրաինան նման բան չի անում։ Բայց, այնուամենայնիվ, Ուկրաինան ի վիճակի է պատասխանելու Ռուսաստանին նրանց ցանկացած գործողության համար: Ռուսաստանը գիտի, որ եթե նրանք հարվածեն, իսկ նրանք ձմռանը պատրաստվում են հարվածել մեր էներգետիկ համակարգին, Ռուսաստանը կստանա նույնը: Եթե նրանք մեզ համար բլեքաութներ կազմակերպեն, մենք կփորձենք նրանց արժանիորեն պատասխանել»։

Զելենսկին միևնույն ժամանակ ընդգծել է, որ Ուկրաինան միշտ պատրաստ է խաղաղ բանակցությունների և պատերազմի ավարտին։

«Իսկ եթե Ռուսաստանը չի ցանկանում ավարտել, ապա պետք է գործընկերների միջոցով մոտեցում գտնել նրա նկատմամբ։ Եթե դա դժվար է գտնել, ապա այսօր գոնե պետք է քայլ առ քայլ առաջ շարժվել։ Ապաշրջափակել Սև ծովը և հնարավորություն գտնել էներգետիկ հրադադարի համար»,-ասել է նա:

  • Կիսվել: