ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ժաննա Անդրեասյանը կարևոր է համարում տարածաշրջանային լեզուների ուսուցման խրախուսումը

Ժաննա Անդրեասյանը կարևոր է համարում տարածաշրջանային լեզուների ուսուցման խրախուսումը

Հանրակրթությունը պետք է երեխաներին ծանոթացնի մեր տարածաշրջանին: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Նախորդ տարին մեզ ցույց տվեց, թե մենք ինչ լրջագույն բացեր ունենք մեր տարածաշրջանի երկրների գիտելիքի մասով: Մեր տարածաշրջանի որևէ երկիր չենք ճանաչում: Իսկ այն, որ այդ գիտելիքը պիտի ունենանք, նաև այդ գիտելիքի շնորհիվ է, որ պետք է ձևավորենք մեր երկրի շահերը պատկերացնող և դրանք առաջ տանող քաղաքացիներ, որևէ մեկիս համար նույնիսկ հարց չպետք է առաջացնի»,- ասաց փոխնախարարը:

Օրինակ՝ Իրանի վերաբերյալ, ըստ փոխնախարարի, մեր պատմության դասագրքերը տալիս են միայն պատմական գիտելիք:

«Այսինքն՝ տրվում է  գիտելիք մի երկրի մասին, որը եղել է, բայց այդ երկիրն այսօր էլ մեր կողքին է»,- ասաց Անդրեասյանը:

Անդրեասյանը կարևոր է համարում նաև տարածաշրջանային լեզուների ուսուցման խրախուսումը:

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանն էլ ավելացրեց, որ հարցը ներառված է Կառավարության ծրագրում:

«Ադրբեջանագիտության և վրացագիտության ուղղություններով մասնագիտական կրթական ծրագրի բարելավման, մշակման և ներդրման աշխատանքային խումբ ենք ձևավորել: Հուսով ենք, որ այս կամ մյուս ուսումնական տարվա մասնագիտական կրթական ծրագրում կներդվեն և կաշխատեն»,- ասաց Թռչունյանը:

  • Կիսվել: