Ժամանակին պետք է հակազդել մեզ ուղղված տեղեկատվական սպառնալիքներին, չլինել հետապնդվողի, այլ լինել նախաձեռնողի՝ օրակարգ թելադրողի դերում. Տիգրան Աբրահամյան
Տարածաշրջանային լարված իրադրության պայմաններում տեղեկատվական գործիքների ճիշտ և օպերատիվ կիրառումն առանձնահատուկ նշանակություն ունի, ֆեյսբուքում գրել է Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Առհասարակ հանրային կապերի ապահովման տեսանկյունից, օպերատիվ, մատչելի, համակողմանի տեղեկատվական գործողությունների իրականացումը միայն տեղեկատվական ռիսկերը չեզոքացնելու գործառույթ չէ իրականացնում:
Ադրբեջանի ու Թուրքիայի՝ մեզ առաջադրած տեղեկատվական պայքարն ունի խաղի իր կանոնները, դրանց գործիքակազմին, ոճին, հնարքների մեծ մասին տարբեր ժամանակներում առնչվել ենք և դրանց հակազդելու բավականին արդյունավետ միջոցներ կան:
Տարբեր լսարանների, թիրախների ուղղությամբ աշխատանքը պետք է ակտիվացնել, Հայաստանի և Արցախի ցանկացած քայլ, գործողություն դարձնել ընկալելի, ժամանակին հակազդել մեզ ուղղված տեղեկատվական սպառնալիքներին, չլինել հետապնդվողի, այլ լինել նախաձեռնողի՝ օրակարգ թելադրողի դերում», - գրել է Աբրահամյանը։



