ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այս  իշխանությանը հեռացնելուց հետո առաջնային խնդիրն է դառնալու բանակի մարտունակության վերականգնումը․ Տիգրան Աբրահամյան

Այս  իշխանությանը հեռացնելուց հետո առաջնային խնդիրն է դառնալու բանակի մարտունակության վերականգնումը․ Տիգրան Աբրահամյան

Պատերազմից 1.5 տարվա ընթացքում այս իշխանությունը շարունակում էր մեր ժողովրդին խաբել, թե մեզ տանում է խաղաղության, այլ ոչ պատերազմի ճանապարհով: Այս մասին այսօր` հունիսի 18-ին, «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Մի քանի օր առաջ իշխող քաղաքական ուժի ղեկավարը հայտարարեց, որ Հայաստանը ոչնչացնողների թիվը շատ ավելի շատ էր, քան կարելի էր պատկերացնել: Իհարկե, նա շարունակում էր պնդել, որ Հայաստանը եւ իր ղեկավարած կառավարությունը շարունակում է շարժվել խաղաղության օրակարգով, միաժամանակ ասելով, որ որեւէ մեկը երաշխիք չունի, որ այս օրակարգով շարժվելու պարագայում պատերազմ չի լինի: Պատերազմից 1.5 տարվա ընթացքում այս իշխանությունը շարունակում էր մեր ժողովրդին խաբել, որ ինքը մեզ տանում է խաղաղության, այլ ոչ թե պատերազմի ճանապարհով, իսկ այսօր մեզ բոլորիս բացահայտ ասում է` գիտեք, ես ձեզ խոստացել եմ խաղաղություն, բայց որեւէ մեկը երաշխիք չունի, որ պատերազմ կլինի: Ավելին, նրա ողջ հռետորաբանությունը ուղղված էր նրան, որ գիտեք` մեր թշնամիները շատ են, մեզ ոչնչացնողները շատ են, եւ մենք որեւէ երաշխիք չունենք, որ խաղաղությունը կպահպանվի: Երբ հետպատերազմյան շրջանում ես եւ ռազմական ոլորտի մասնագետները ասում էին, որ բանակը պետք է զինել, իշխանությունը իր ողջ ռեսուրսը դրած, ասում էր, որ ընդդիմությունը մեր երկիրը տանում է նոր պատերազմի, նոր արկածախնդրության, սակայն մեր նպատակն այն է, որ մեր երկիրը կարող ենք տանել խաղաղության այն ժամանակ, երբ ունենանք հզոր, ուժեղ անվտանգության համակարգ: Մեր պաշտպանվածությունը կարող ենք մեծացնել, պատերազմը կանխել  կամ ժամանակին դադարեցնել, եթե նույնիսկ տեղի ունենա միայն այն ժամանակ երբ մեր երկիրն ունենա ուժեղ, մարտունակ բանակ»,-ասաց նա:

Աբրահամյանի խոսքով` այս  իշխանությանը հեռացնելուց հետո իրենց առաջնային խնդիրն է դառնալու բանակի մարտունակության վերականգնումը, բանակի երբեմնի հեղինակության վերականգնումը:

Ըստ պատգամավորի և՛ Փաշինյանի և՛ հանրապետության նախագահի խոսքերում ոչ մի ափսոսանք չկա այն հարցում, որ պատերազմը կարող էին շուտ կանգնեցնել, քանի որ մարդու կյանքը նրանց  համար որեւէ արժեք չունի:

«Առանց մարտունակ բանակի Հայաստանը որեւէ ապագա չի կարող ունենալ: 2018 թվականից աստիճանաբար մեր զինված ուժերը դուրս են եկել ռելսերից, չեն ընթանում իրենց բնականոն հունին, եւ մենք սա վերադարձնելու ենք իր բնականոն հուն: Զինվորականը պետք է ապրի միջինից բարձր, ծառայությունը պետք է լինի գիտակցված,  այս ուժերի հեռացման պարագայում մենք ունենք զինված ուժերի մարտունակության բարձրացման եւ մոդեռնիզացման հնարավորություն մենք ունենք»,-ասաց նա:

  • Կիսվել: