կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Զգուշացում. բնության գրկում, ճամբարներում հանգստանալիս սունկ չհավաքել

Զգուշացում. բնության գրկում, ճամբարներում հանգստանալիս սունկ չհավաքել

Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից զգուշացնում են՝ որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն):

Սնկից թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում

. բնության գրկում, ճամբարներում հանգստանալիս սունկ չհավաքել,
. սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
. ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել միմյանց,
. չուտել հում սունկ,
. երեխաներին չկերակրել սնկերով,
խորհորդ չի տրվում ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ,
սնկի հետ չօգտագործել ալկոհոլ,
. թարմ սնկերը 1 օրից ավել չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում,
. չզբաղվել ինքնաբուժությամբ։

Սնկից առաջացած թունավորումներն ունենում են սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում: Կլինիկական հիմնական ախտանշաններն են որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, հալյուցինացիաները` առանց քնկոտության, ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարումը: Առաջին նշանների ի հայտ գալուն պես անմիջապես պետք է դիմել բժշկի:

  • Կիսվել: