«Ընթերցասեը» պուրակում բացվել է Արցախի հերոս, մեծ ընթերցասեր Ալեն Մարգարյանի կերպարով քանդակված «Գրքասերը» քանդակը
Երևանի Օղակաձև զբոսայգում Արցախի հերոս Ալեն Մարգարյանի անվան հիմնադրամի նախաձեռնությամբ բացվեց «ԸՆԹԵՐՑԱՍԵՐԸ» պուրակը:
Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում բացվել է «ԸՆԹԵՐՑԱՍԵՐԸ» պուրակը։ Պուրակը բացվել է «Ալեն Մարգարյան» բարեգործական ՀԿ-ի նախաձեռնությամբ և միջոցներով։
Պուրակում տեղադրվել է «ԳՐՔԱՍԵՐԸ» անվանումը կրող քանդակը, որը քանդակված է Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում նահատակված, մեծ ընթերցասեր Ալեն Մարգարյանի կերպարով։
Այսուհետ երիտասարդները, ուսանողներն ու պարզապես գրքասերները կկարողանան վայելել ընթերցանությունը նոր, ժամանակակից ու բարեկարգված պուրակում, իսկ «Գրքասերը» քանդակը կհարստացնի քաղաքի մշակութային ժառանգությունը։
Ինչպես նշեց պուրակի բացման արարողության ժամանակ Ալենի Մայրը՝ Նազելի Մարգարյանը, Ալենը, շրջագայելով տարբեր երկրներում, միշտ ցավով էր նշում, որ գրեթե ամենուրեք կան «ընթերցասերի» քանդակներ, իսկ Երևանում՝ ոչ։
«Հիմա Ալենի երազանքը կատարվեց»,- նշեց տիկին Նազելին։ Նա նաև հիշեց Ալենի բառեռը առ այն, որ միայն կրթվաց և գրագետ հանրությունը կարող է կերտել հզոր և զարգացած պետություն։
Նշենք, որ Ալենը, 2020 թվականին կարմիր դիպլոմով ավարտելով բակալավրիատը, մագիստրոսական ծրագրով ընդունվել էր Բոստոնի համալսարան, սակայն, անտեսելով տարկետման հնարավորությունը, որոշել է զորակոչվել բանակ։
Ալենը ընդամենը 1,5 ամսվա զինվոր էր, երբ Արցախում սկսվեց 44-օրյա պատերազմը։ Ալենը կապի վաշտի ծառայող էր և պարտականությունների բերումով պարտավոր էր գտնվել թաքստոցում, սակայն պատերազմի առաջին իսկ օրվանից Թալիշի և Մատաղիսի առաջնագծում էր։ Երբ հրամանատարական կազմը հրահանգել է զենք-զինամթերք, սնունդ հասցնել առաջնագիծ, Ալենը ստանձնել է այդ աշխատանքը։
Մարտական առաջադրանքը կատարելիս Ալեն Մարգարյանը զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ին Մատաղիսում։ 2021 թվականի հունիսի 29-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Ալեն Մարգարյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը, հետմահու նա պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով։